Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանը, Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Փարիզում հանրահայտ ֆրանսահայ երգիչն ու Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը Սարգսյանին ասել է, որ Հայաստանը պետք է ընդունի դավանափոխ հայերին: Խոսքը մահմեդականացած հայերի մասին է: Այդ թեմային Շառլ Ազնավուրն անդրադարձել էր Սարգսյանի այցից օրեր առաջ եվրոպական պարբերականներից մեկին տված հարցազրույցում, ասելով, թե տարիներ առաջ խոսել է Հայաստանի իշխանության հետ այդ թեմայով, սակայն անցել է ժամանակ, իսկ առաջընթաց չկա:
Շառլ Ազնավուրի բարձրացրած թեման իսկապես հետաքրքիր է: Աշխարհում մահմեդականացած հայերի թիվն ըստ մոտավոր հաշվարկների 1 միլիոն է: Թե նրանցից ինչքանն է ցանկանում գալ Հայաստան՝ պարզ չէ: Բայց, ըստ ամենայնի, ցանկությունը մեծ է, եթե Շառլ Ազնավուրը հրապարակավ բարձրացնում է այդ հարցը: Այլապես ինչու նա պետք է հարցը դարձներ Հայաստանի իշխանության հետ քննարկման թեմա:
Ինքնին հասկանալի է, որ իրավիճակը բավական նուրբ է: Հատկապես այն դեպքում, երբ նույն այդ իշխանությունը փորձում է հայի ինքնության չափանիշ դարձնել Հայ Առաքելական եկեղեցին: Հայաստանի իշխանությունն ընդունու՞մ է արդյոք, որ մահմեդական հայերը եւս հայեր են: Սերժ Սարգսյանը 2008 թվականին ստանձնելով նախագահի պաշտոնը, իր արտերկրյա ելույթներից մեկում անդրադարձել էր այդ թեմային եւ հայտարարել, որ մահմեդականացած հայերն էլ մեր հայրենակիցներն են:
Բայց, այդ օրերին Սերժ Սարգսյանը չափազանց նեղ վիճակում էր, Մարտի 1-ից հետո ներքին ու արտաքին չափազանց մեծ ճնշման տակ, եւ փորձում էր այդ ամենը հաղթահարել, դրան հակազդել լայնախոհության «ռեկորդներով»: Հիմա Սերժ Սարգսյանի նպատակները շատ ավելի են նեղացել, եւ մահմեդականացած հայերի խնդիրը հավանաբար մղվել է հետին պլան:
Շառլ Ազնավուրը սակայն հիշեցնում է խնդրի գոյության մասին: Ընդ որում, մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում հավաքվեց Եպիսկոպոսաց պատմական ժողովն ու ընդունեց Մկրտության միասնական կարգի եւ սրբադասման մասին տիեզերական որոշումները: Հավանաբար դրանք այնքան էլ չեն ցնցել ժամանակակից աշխարհում շատ բան տեսած մեծանուն երգչին, եւ նա առաջարկում է ցեղասպանության զոհերի սրբադասման կարեւոր խնդրի կողքին չմոռանալ հայերի, որոնք եւս ինչ որ առումով ցեղասպանության զոհ են, սակայն ողջ են, ապրում են, գոյություն ունեն եւ հավանաբար ունեն Հայաստանի վերաբերմունքի կարիք:
Իսկ Հայաստանն ունի՞ նրանց կարիքը: Այս հարցի պատասխանը կարծես թե չկա թե իշխանական, թե հասարակական մակարդակում: Այս հարցը երեւի չի էլ կարեւորվում, մինչդեռ մեծ վերաձեւման փուլ մտած աշխարհում շատ դժվար է ասել, թե Հայաստանի Հանրապետությունը երբ ստիպված կլինի արդեն միանգամայն կոնկրետ անդրադառնալ մահմեդականացած հայերի խնդրին՝ կամ ճանաչել նրանց, կամ հրաժարվել նրանցից: Բայց որ ստիպված կլինի՝ երեւի թե հաստատ: Ազնավուրն առաջարկում է պետական ու հասարակական մակարդակում մտածել այդ մասին եւ պատրաստվել դրան՝ պատրաստվել պատասխանատվության, ոչ թե հրաժարումի: