Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո-2013» տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում Հանրապետության նախագահը շրջել է տաղավարներով, դիտել տարբեր ոլորտներ ներկայացնող տեղական եւ արտերկրյա շուրջ 120 կազմակերպությունների արտադրատեսականին, ծանոթացել ցուցադրված տեխնոլոգիաներին եւ ծառայություններին, ինովացիոն համակարգերին, այդ թվում՝ ծրագրային ու համացանցային լուծումներին:

Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ իրենց ներկայացրած ընկերությունների ընթացիկ գործունեության, խնդիրների եւ հետագա զարգացման ծրագրերի մասին: