Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը» միջազգային գիտաժողովին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր խոսքում Բ. Սահակյանը կարևորել է նման միջազգային գիտական միջոցառումների կազմակերպումը՝ Արցախյան հիմնախնդիրը խորությամբ հասկանալու, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները համակողմանիորեն դիտարկելու և հնարավոր զարգացումները ավելի ճշգրիտ կերպով կանխատեսելու տեսանկյուններից:

Երկրի ղեկավարի բնութագրմամբ հայ ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու, ազգային պետականությունը վերականգնելու ձգտումը համաշխարհային պատմության մեջ ամենաերկարատև ազգային-ազատագրական պայքարներից է, որի ընթացքում մեկ բան մնացել է անփոփոխ՝ մեր ռազմավարական գերնպատակը՝ ազատ, ինքնիշխան և հզոր ազգային պետականության վերականգնումը և նրա շարունակական զարգացումն ու ամրապնդումը:

Անդրադառնալով Արցախի պետականաշինության ներկա փուլին՝ նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեզ համար հետդարձի ճանապարհ չկա: Արցախի անկախությունը և անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության: