Թուրքիան մի քանի պատճառներով է նախընտրել գնել չինական HQ-9 զենիթահրթիռային համալիրները, գրում է Jane’s-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Մուրադ Բայարին: Պատճառներից գլխավորն էժան գինն է: 12 զենիթային դիվիզիոնների համար Թուրքիան վճարել է 3.44 միլիարդ դոլար: Բացի այդ, համաձայն չինական կողմի առաջարկի, HQ-9-ի արտադրության տեղայնացման աստիճանը Թուրքիայում գերազանցում է 50%-ը: Չինական ընկերությունը խոստացել է նաեւ մատակարարումն իրականացնել հնարավորինս կարճ ժամկետում: Ընդ որում, չինական համալիրները ոչ մի խնդիր չեն ունենալու ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի հետ ինտեգրվելու հարցում: Բայարի խոսքով, Թուրքիայի ՀՕՊ համակարգը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին եւ սերտ ինտեգրվում է ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին: Չինական համալիրները կարող են միացվել թուրքական ՀՕՊ համակարգին եւ վերջինիս միջոցով փոխգործակցել ՆԱՏՕ-ի ՀՕՊ հետ՝ համապատասխանելով բոլոր պահանջներին: Բացառվում է նաեւ գաղտնի տեղեկատվության արտահոսքը, ինչից զգուշանում է ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը: Բայարը նշել է, որ տենդերին մասնակցել են ռուսական C-300-ները, սակայն դուրս են մնացել նախնական փուլում: Պատճառը ռուսական համալիրների թանկությունն է (4.5 միլիարդ դոլար) եւ ներդրումային ու օֆսեթ առաջարկների բացակայությունը: Տենդերին մասնակցել են նաեւ ամերիկյան Raytheon/Lockheed Martin եւ եվրոպական Eurosam կոնսորցիումները: Նրանք առաջարկել են համապտասխանաբար Patriot PAC-3 եւ SAMP/T Aster 30 համակարգերը: Եթե չինական կողմի հետ պայմանավորվածությունը չեղյալ արվի, ապա պատվերը կատարելու են եվրոպացիները, իսկ եթե եվրոպացիների հետ էլ ձախողվի, ապա ՀՕՊ համակարգերը կմատակարարեն ամերիկացիները: