Ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի՝15 օր շարունակ Հանրապետության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկները ցանկանում են, որ իրենց մարտական ընկերոջ անմեղությունը բացահայտվի, եւ պարզվի, թե իրականում ինչու են ձերբակալել նրան։

«Ամբողջ ժողովրդի առջեւ խայտառակ եք անում, հետո էլ ասում եք՝ համաներումով ազատվեց։ Եթե մարդուն ազատում են համաներումով, նշանակում է տվյալ մարդու վրա կնիքը կա, բայց տարբեր խնդիրներ կան, եթե համաներումով ազատ են արձակում, պետք է բարոյական վնաս փոխհատուցեն կամ հրապարակային ներողություն խնդրեն՝ ինչի համար են տվյալ անձնավորությանը ձերբակալել»,- ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը։

Սեպտեմբերի 20-ին խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է պահեստազորի գնդապետը։ Ըստ նախաքննական մարմնի՝ Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այն անձն էր, ով առաջինը նստացույց սկսեց Ազատության հրապարակում եւ բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին։