Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել թուրքական Halk TV-ին, որում նախանշել է Թուրքիայի' առաջիկայում հնարավոր խնդիրները կապված ահաբեկչության հետ:
Ասադն ուղղակի կերպով մեղադրել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին ահաբեկիչներին իր երկրում պահելու, այնուհետև Սիրիա ուղարկելու մեջ:

«Վերահսկել ահաբեկչությունն անհնար է: Այդ երևույթը նման է կարիճի, որը բաց չի թողնի ձեզ խայթելու հնարավորությունը: Շուտով այդ ահաբեկիչները հանդես կգան Թուրքիայի դեմ, որը թանկ կվճարի իր այժմյան քաղաքականության համար»,-հայտարարել է Ասադը:

Նախագահը շեշտել է, որ Էրդողանի նպատակն է Սիրիայում ծայրահեղականների իշխանության գալը: Ասադը հույս է հայտնել, որ Ժնևում ընթացող բանակցությունները հնարավորություն կտան զրկել հակակառավարական ուժերին արտասահմանից եկող աջակցությունից:

Նշենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն, Թուրքիան իսկապես չի խոչընդոտել, երբ հակակառավարական ուժերը փորձել են հատել թուրք-սիրիական սահմանը կառավարության զորքերի դեմ կռվելու համար: