Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում (նախագահող դատավոր Վահե Խալաթյան) հետաձգվեց Արամ Մուղալյանի եւ նրա ընկերների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Պատճառը ամբաստանյալ Արթուր Քլյանի առողջական վիճակի վատացումն էր. նրան հենց դատարանի դահլիճից պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց:

Նիստի ավարտից հետո վատացավ նաեւ ամբաստանյալներից Ռոբերտ Փիլոյանի ինքնազգացողությունը, եւ նրա համար նույնպես շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն առաջացավ: Ռոբերտի մայրը' Մարինա Հակոբյանն անընդհատ բղավում էր, որ եթե իր որդուն բան պատահի պատասխանատուն դատավորն ու դատախազներն են' Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանի գլխավորությամբ:

Նշենք, որ Ռոբերտը դժգոհում է սրտի շրջանում սուր ցավերից, եւ պաշտպան Էդուարդ Աղաջանյանի ասելով' լուրջ բուժում է անհրաժեշտ: Հենց այդ նպատոկով էլ այսօր միջնորդեցին Ռոբերտի խափանման միջոցը փոխել ազատազրկման հետ չկապված այլ միջոցով, սակայն դատարանը մերժեց: Նրա մերժման հիմքը գրեթե նույնությամբ կրկնվում էր Արամ Մուղալյանի մերժման որոշման մեջ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արամ Մուղալյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը դատավորը հիմնավորել է, որ Արամ Մուղալյանը, մնալով ազատության մեջ, հավանականություն կա' կխուսափի դատարան ներկայանալուց' դատաքննությունից:

«Նման պայմաններում դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արամ Մուղալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն «Անձնական երաշխավորությամբ» փոփոխելու հիմքերը բացակայում են, Ա. Մուղալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը' «Կալանավորումը» պետք է թողնել անփոփոխ»,-գրված է դատավորի որոշման մեջ:

Դատարանի նման որոշումը հարցեր է առաջացնում, քանի որ նույն գործով ամբաստանյալ և ավելի վաղ կալանքից գրավով ազատված Արթուր Քլյանը ոչ միայն երբեւէ չի խուսափել դատաքննությունից, այլեւ իր վատ առողջական վիճակով ավելի շուտ է ներկայանում դատարան, քան նույնիսկ մեղադրողները:

Սկզբում Արթուրին նույնպես կալանավորել էին հենց վերը նշված հիմքով, թե իբր կխուսափի քննությունից:

Նշենք, որ Արթուրի Քլյանի մոտ դատարան ժամանած Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանը ախտորոշել է «փսիխոնևրոտիկ սինդրո», որի համար անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում: Նրա վիճակը սրվել է հատկապես կալանքի տակ գտնվելու ժամանակ:

Հիշեցնենք, որ Արամն ու իր ընկերները' Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը' միայն խուլիգանության համար:

Ըստ մեղադրանքի' այս տարվա հունվարի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով տղաները հրկիզել են իրենց անծանոթ' Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, հետո այրել են դեզի հակերից մեկը, ինչի հետեւանքով այրվել է նաեւ տարածքը հսկող շան մազերը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում: