Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի' Panorama.am-ին տված պարզաբանումանն ի պատասխան Գրողների միության անդամ, արձակագիր, բանաստեղծ Հուսիկ Արան (իսկական անունը' Ֆելիքս Եղիազարյան) մեր խմբագրություն էր ներկայացել փաստերով:

Հիշեցնենք' բանաստեղծը հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՊՀ շրջանավարտների միությունից հոկտեմբերի 1-ին իրեն զանգահարել ու տեղեկացրել են, որ Զեյթունում մատչելի պայմաններով գրողների համար կառուցվող 1 սենյականոց բնակարանն այլևս իրենը չէ: Բնակարանը ձեռք բերելու համար նա նախապես վճարել էր 1 մլն 615 հազար դրամ կանխավճար (բնակարանի գնի 20 տոկոսը): Արձագանքելով Հուսիկ Արայի այս հայտարարությանը, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը Panorama.am-ին ասել էր, որ Հուսիկ Արան ճիշտ չի ներկայացնում իրականությունը:

«Նա չի դիմել բանկ որպես շահառու վարկ ստանալու համար: Բանկից մեզ պատասխանել են, որ նման անունով շահառու իրենց չի դիմել, հետևաբար չէր կարող վարկավորվել», -ասել էր Քարամյանը:

Այսօր Հուսիկ Արան «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ից ստացված փաստաթղթերը ներկայացնելիս ասաց, որ իր հետ միասին համավարկառու է համարվել նաև իր կնոջ քույրը' Ռուզաննա Ստեփանյանը: «Երկու ամիս տևեց մինչև փաստաթղթերը ներկայացրինք, որպեսզի վարկը հաստատեին: Ինձ վարկավորեցին 2012 թվականի հունիսի 1-ով, որ բանկը պատրաստ է տրամադրել 4 մլն 600 հազար դրամ վարկ: Այս թուղթը այն ժամանակ տարա ԵՊՀ շրջանավարտների միության իրավաբան Արմենին: Նայեց, տեսավ, ասաց շատ բարի, սա պահեք, Ձեզ տեղյակ կպահեն. երբ ժամանակը կգա, բանկը իր գումարը կտա, դուք էլ մնացած գումարը կվճարեք», -ասաց բանաստեղծը' նկատելով, որ ինքն էլ սպասել է:

 

Բանաստեղծն ասաց, որ տհաճ իրավիճակում է հայտնվել. իրեն ճանաչողները լավ գիտեն, որ ինքը չէր կարող ստել, մինչդեռ, ըստ նրա, Արսեն Քարամյանի հայտարարությունից պարզվում է' ինքը ստախոս է: Հուսիկ Արայի խոսքով, իրենք վաղուց երազում էին Երևանում բնակարան ունենալ. տղաներն այստեղ դպրոցում սովորում են, իսկ իրենք' ամուսիններով աշխատում են, և գյուղ ամեն օր գնալ գալը դժվար է: «Փոխարենը, խնդրեմ, ոչ ոք չզանգահարեց, ոչ ոք չասաց' թյուրիմացություն է, արի շտկենք: Փոխարենը պարոն Քարամյանը էդպես արհամարական պատասխանում է, որ ես սուտ եմ խոսում», -հավելեց արձակագիրը:

Իր նախապես արած հայտարարության մեջ Հուսիկ Արան նկատել էր, որ եթե բնակարանի համար տված կանխավճարը' 1 մլն 615 հազար դրամը, որպես ավանդ պահ տար բանկում,ապա այժմ մեկ տարվա ընթացքում գումարի տոկոսները կավելանային: Դրան արձագանքել էր նաև Քարամյանը, ասելով, որ ինքը պատրաստ է բացի 1 մլն 615 հազար դրամը վերադարձնելը որպես նվեր տալ նաև 300 հազար դրամ: «Ես նման կարգի նվերներ չեմ ընդունում, պարոն Քարամյան, հատկապես Ձեզանից չեմ ընդունում, որովհետև դուք ինձ վիրավորում եք: Այդքանից հետո նման ճանապարհով չեմ ուզում այդ բնակարանը: Եղել է անարդարություն, և ես այդ մասին բարձրաձայնում եմ», -ասաց բանաստեղծը' նկատելով, որ շատ դառնացած է կատարվածից: