Գյումրիում հայտնի «Քավոր Հարութի»' Հարություն Խաչատրյանի որդին' Գևորգ Խաչատրյանը, ազատ է արձակվել:

 

Այս լուրը Լուրեր.com-ի հետ զրույցում հաստատեց նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության' հասարակության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

 

Վերջինիս խոսքերով' Գևորգ Խաչատրյանը «Աբովյան» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ, իսկ հոկտեմբերի 7-ին դատարանը որոշում է կայացրել և նրա խափանման միջոցը փոխվել է՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

 

Գոռ Ղլեչյանը նշեց նաև, որ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ համաներում չի կիրառվել և հայտնի էլ չէ՝ կկիրառվի, թե' ոչ:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, ապրիլի 23-ին' ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) և Արտյոմ Կարապետյանը (Շեկո): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից։

 

Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

 

Ապրիլի 25-ին ձերբակալված Գևորգ Խաչատրյանի նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: