Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Արցախի 4-րդ նրբանցքի N 10 վթարային հանրակացարանի 8 և Նոր Արեշի 35-րդ փողոցի N 127/1 շենքի 10 ընտանիքների:

Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական, և քաղաքապետարանը փուլ առ փուլ անելու է հնարավորը, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչներն ապրեն հարմարավետ ու անվտանգ պայմաններում։

Բնակիչներն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին կարևորագույն այս ծրագրի իրականացման համար, նշել են, որ տարիներ շարունակ ապրել են միայն վախի, անվտանգ բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմաններից զուրկ մթնոլորտում: