Իրանական կայքերից մեկը նյութ է հրապարակել՝ նվիրված Ադրբեջանում անցկացվող նախագահական ընտրություններին: Ըստ այդմ՝ Իլհամ Ալիևի մերձավորները վերջին ժամանակաշրջանում հայտնվել են «անհարմար» իրավիճակում՝ ամեն կերպ փորձելով հիմնավորել ալիևյան կլանի շարունակականության անհրաժեշտությունը: Հրապարակված հոդվածում մեջբերվել է Ադրբեջանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլիի հետևյալ խոսքերը՝ հնչած իրանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ընթացքում. «Մենք եվրոպացիներից չենք հարցնում, թե ինչու իրենք ունեն ութ միապետական երկիր իրենց կազմում, այդ թվում՝ Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Բելգիան և այլն: Շարունակաբար խոսելով ընտրություններից և մարդու իրավունքներից՝ միաժամանակ անտեսվում է այն իրողությունը, որ Եվրոպայում ոմանք ժառանգական իշխանություն են վայելում: Այդ իսկ պատճառով եվրոպացիների դիրքորոշումը մեր ընտրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ այնքան էլ չի հուզում մեզ»:

Ակնհայտորեն Իրանում նկատվում է անհանգստություն Իլհամ Ալիևի «վերընտրման» կապակցությամբ: Որևէ լավատեսություն չկա ալիևյան կլանի իշխանության առաջիկա տարիներին Իրանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները որակական ավելի բարձր մակարդակի հասցնելու առումով: Այդուհանդերձ, մենք դեռևս «ոգևորվելու» որևէ առիթ չունենք, որ իրանական որոշ ԶԼՄ-ներ քննադատում են Ադրբեջանի տխրահռչակ քաղաքական մթնոլորտը, քանի որ նույն այդ կայքերը, խոսելով ԼՂ հիմնահարցի մասին, ցավոք սրտի չեն դադարում ընդգծել այն գաղափարը, որ «ԼՂ-ը Հայաստանի կողմից բռնազավթված տարածք է»: