«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Զորավաժության կրակային փուլին ներկա էին ՀՀ կառավարության անդամները' ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Նախարարները հետևել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման գործընթացին և անցել են արգելագոտու բոլոր խոչընդոտներով: Հոգեբանական հաղթահարման արգելագոտին գործի է դրվել ՀՀ զինված ուժերի զինծառայողների հոգեբանական պատրաստվածության աստիճանը բարձրացնելու նպատակով: Զորավարժարանում մարտավարամասնագիտական հմտությունների զինանոցն են ցուցադրել հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները: Պետական կատավարման մարմինների ղեկավարները զորավարժարանի կրակային դիրքերում կրակել են հրաձգային զենքից, որից հետո սկսվել է «Արձագանք-2013» մարզումների մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Մարտական հրաձգության փուլին նախորդել է ՀՀ զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, ներքին զորքերի և արտակարգ իրավիճակների նախարարության զինատեսակների և սպառազինության ցուցադրումը:

Գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլի ավարտին տեղի է ունեցել «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պարգևները հանձնել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: