Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հրավիրել է հերթական հանդիպում-քննարկումը 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են այն բնակիչները, ովքեր դեմ էին արտահայտվել հարկի ընտրությունը վիճակահանությամբ կատարելով խնդրի փուլային լուծմանը:

 

Քաղաքապետարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած նախորդ հանդիպման ժամանակ վերոնշյալ հասցեի 26 բնակարանների փաստացի բնակիչների լիազոր ներկայացուցիչներից 24-ը, ի դեպ, կողմ էին արտահայտվել խնդրի լուծման վերը նշված տարբերակին:

 

Նշենք, որ առաջարկի վերաբերյալ շենքի բոլոր բնակիչների դիրքորոշմանը ծանոթանալու նպատակով մշակվել և Սիսակյան 3 հասցեում փաստացի բնակվող բնակիչներին անհատապես բաժանվել են համապատասխան հարցաթերթիկներ: Արդյունքում միասնական կարծիք չի ձևավորվել. առաջարկին կողմ է արտահայտվել բնակիչներից 49-ը, դեմ՝ 44-ը:

 

«Երևանի քաղաքապետարանը կարևորում է բոլոր բնակիչների կարծիքը և հենց այդ նպատակով է, որ հրավիրվել է այս հանդիպումը: Խնդրի փուլային լուծման շրջանակում առաջին փուլով վերաբնակեցման համար պետք է սահմանվեն առաջնահերթության որոշակի սկզբունքներ և մոտեցումներ»,-ընդգծել է Վահե Նիկոյանը:

 

Հանդիպում-քննարկման ընթացքում Սիսակյան 3 հասցեի բնակիչները, ըստ էության, որևէ հիմնավոր պատճառաբանություն չեն ներկայացրել դեմ քվեարկելու հետ կապված՝ նշելով, որ վերաբնակեցումը պետք է կատարվի շենքի աջակողմյան հատվածից:

 

Կարևորելով շենքի բոլոր բնակիչների կարծիքներն ու մոտեցումները՝ քննարկմանը ներկա բոլոր բնակիչները միաձայն կողմ են արտահայտվել առավել առաջնահերթ վերաբնակեցման անհրաժեշտություն ունեցող բնակարանների վերաբերյալ հնարավոր եզրակացություն ստանալու ակնկալիքով ՀՀ քաղաքաշինության նախարարություն դիմելու որոշմանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն