«Դա կողոպուտ է, ավազակություն»,- այսպես բնորոշեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը կառավարության ներկայացրած օրինագծերը: Ներկաները բուռն ծափահարություններով ընդունեցին Ռ. Սահակյանի խոսքը:

Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ, եւ այդ լիազորությունը վերապահվել է արդարադատության նախարարությանը:

Բացի այդ, Փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանից նախատեսվել է գանձել տարեկան 60.000 դրամի չափով պետական տուրք' փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար:

Ռուբեն Սահակյանը նշեց, որ ինքն ու Արա Զոհրաբյանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի հետ հանդիպում են ունեցել, եւ վերջինս ասել է, որ վարչապետը հանձնարարել է գտնել հնարավորություն, տարբերակ, որպեսզի ավելացվող 18 հանրային պաշտպանի հաստիքը կարողանան պահել: Երբ առարկել են' մատնանշելով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը, ըստ որի' անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է պետությունը, փոխնախարարն ասել է, թե Սահմանադրության 20-րդ հոդվածում գրված չէ, որ անվճար իրավաբանական օգնությունը պետք է դրվի պետության վրա:

«Այսինքն' փորձում են ճանապարհ գտնել ամեն գնով կատարելու կառավարության ղեկավարի հանձնարարականը»,- նշեց Ռուբեն Սահակյանը:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Կարեն Մեժլումյանն ու Մելանյա Առուստամյանը նախագծերի վերաբերյալ նույնպես դժգոհություն հայտնեցին:

Կարեն Մեժլումյանի խոսքով' կառավարության որդեգրած ուղղությունը տանում է նրան, որ Հայաստանում փաստաբանությունը համարվում է շքեղություն, եւ դրա համար լրացուցիչ հարկեր են սահմանվում, ինչը վտանգավոր է:

Մելանյա Առուստամյանն էլ նշեց, որ օրենքի նախագծերը չընդունելու համար պետք է միահամուռ պայքար մղել: Փաստաբանի կարծիքով՝ պետության պարտավորությունը պետք է կատարի հենց պետությունը, եւ դրանք չպետք է բարդվեն փաստաբանության ինստիտուտի վրա:

«Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումներ են տեղի ունենում, եւ բազմաթիվ օրենքներում փոփոխություններ կատարվեցին: Եթե չեմ սխալվում, Հայաստանը ստացավ 16 մլն եվրո, որպեսզի այդ բարեփոխումներն իրականացնի: Դատաիրավական բարեփոխումների մեջ իր լուրջ դերն ունեին անվճար իրավաբանական օգնության համար կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետք է ավելանար հանրային պաշտպանների թիվը»,- իր խոսքում նշեց պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը:

Նրա ասելով՝ կառավարությունը ստացել է բարեփոխումների գումարները, եւ այսօր, երբ եկել է այդ օրենքների իրականացման ժամանակը, մասնավորապես՝ հանրային պաշտպանի գրասենյակին գումար փոխանցելու եւ հանրային պաշտպանների թիվն ավելացնելու, որպեսզի կարողանան անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ քաղաքացիներին, պետությունն իր պարտավորությունը չի կատարում, եւ այդ պարտականությունը դնում է փաստաբանների վրա:

«Ես կարծում եմ, որ իրեն հարգող փաստաբանը չի վճարելու այդ արտոնագրի համար»,- նշեց Լ. Սահակյանը:

Եթե կառավարությունը հետ չկանչի օրենքների նախագծերը, չի բացառվում, որ փաստաբանները բողոքի ակցիաներ սկսեն: