Երեկ մահացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մասիս Ռեհանյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

 

«Դատավորի մահվան պատճառը դեռևս հայտնի չի», - ասաց Արսեն Բաբայանը հավելելով, որ դատավորը գտնվել է արտերկրում, այնտեղ էլ մահացել է:

 

Մասիս Ռեհանյանը ծնվել է 1961 թվականին Իրանի հանրապետության մայրաքաղաք Թեհրանում, 1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է խորհրդային բանակում, 1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

 

1988 թվականից աշխատել է որպես ՀՀ ՆԳ նախարարության Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ, 1994 թվականին ՆԳ նախարարի հրամանով նշանակվել է Մասիսի շրջանի քննչական բաժանմունքի պետ, 1996 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է որպես ՀՀ ՆԳ և ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի պետ։

 

2001 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր, 2006 թվականից աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում որպես դատավոր, իսկ 2008 թվականից աշխատել որպես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

 














«Փաստինֆո»