«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.

«Ուրիշ որ երկրի պառլամենտի ղե­կավարն է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկի վրա հսկայական շենք ունի՝ շքեղ հյուրանոցի տեսքով: Ուրիշ որ երկ­րի նախկին նախագահն է մի քանի միլիարդի ունեցվածք կուտակել և հսկայական բիզնես գործունեություն ծավալել՝ ավտոմեքենաների ներկրումից մինչև առողջապահու­թյան և կապի բնագավառ: Եվ որ երկրի նախագահն է պաշտոնաթո­ղությունից հետո հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել ոչ թե դասախոսություններ կար­դալու, մենագրություններ գրելու, հարցազրույցներ տալու, այլ վայրի կենդանիների որս անելու առիթով: Ուրիշ որ երկրում է հնարավոր, որ ծանր քրեական հանցագործու­թյան համար մեղադրված և պա­տիժը կրած անձը դառնա ամենահեռանկարային քաղաքական գործիչը, որի անունը շոշափվի երկրի երկրորդ, անգամ առաջին դեմքի պաշտոնի հավակնորդների ցանկում: Ուրիշ որ երկրի բարձրաս­տիճան պաշտոնյաներն են կաս­կածելի օֆշորային գոտիներին ու արտերկրյա բանկերին գումարներ փոխանցում և աղմկոտ սկանդալ­ների կենտրոնում հայտնվում: Ու­րիշ որ երկրի նախագահին են մե­ղադրում կազինոյում խաղալու և պարտվելու մեջ: Ուրիշ որ երկրի իշխանությունն է այսքան «հավա­տարիմ» խնամի-հարևան-քավոր- սանիկ-զարմիկ ավանդական հաս­կացություններին ու կապերին: Ու­րիշ որ երկրում են չորս տարի բանակցում մի միության մեջ մտնելու համար՝ փաստաթղթեր մշակում, ֆինանսներ ծախսում, գործու­ղումների մեկնում, ապա համա­ձայնագիր կնքում տրամագծորեն հակառակ կողմի հետ: Ուրիշ որ երկրի պատգամավորները կարող են իրենց «օրենսդիր» համարել, բայց 5 տարվա ընթացքում ոչ մի­այն օրենք չգրել, այլև չկարդալ ու միայն կոճակ սեղմել: Ուրիշ որ երկրից են այսքան բողոքում, այս­պես գլխապատառ փախչում: Բայց և հա­վատում, որ ամեն ինչ լավ է լինելու»: