«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության բազմազան միջոցառումների մեկնարկից առաջ մայրաքաղաքի տարբեր ուսումնական հաստատություններից կամավոր հավաքագրված պատանիներն ու երիտասարդները լվացել են մայրաքաղաքի արձանները՝ երևանյան-տոնական տրամադրությամբ, Երևանի մասին երգեր երգելով։

Կամավորներից կազմված երեք խմբերը ժամը 11։00-ից լվացել են Երևանի կենտրոնական զբոսայգիներում ու փողոցներում տեղադրված արձանները՝ հրշեջների աջակցությամբ։ Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Թամանյանի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Բաղրամյանի, Անդրեյ Սախարովի և այլ մեծերի հուշարձանները, ինչպես նաև Մանկական երկաթուղու մուտքի Հովազի քանդակը լվանալուց հետո բոլոր երեք խմբերը հավաքվել են Մյասնիկյանի արձանի մոտ և միավորված ուժերով, Երևան քաղաքի ջրային կատույցների աջակցությամբ լվացել նաև Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Գայի և Հայկ Նահապետի բարձրադիր արձանները։ Կամավորների խոսքով՝ տոնական զարդարված մայրաքաղաքը լիարժեքորեն պատրաստ է տոնին։