Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանին.

 

«Սիրելի՛ Ջիվան,

 

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Հայ երաժշտական արվեստը Դուք հասցրիք նոր բարձունքների: Հատկապես Ձեր շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց համաշխարհային նոր բեմեր ու էկրաններ:

 

Սիրելի՛ Վարպետ,

 

Ուրախ եմ և հպարտ, որ բախտ եմ ունեցել վայելելու Ձեր բարձրարվեստ կատարումները: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»: