Հոկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայից կրծքավանդակի ձախ մասում ստացած հարվածի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղա-երեխան մահացել է:

Ինչպես հայտնում է shamshyan.comը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը ՝ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան 9 շենքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն էր: Այս պահին ոստիկանության Լոռու մարզի և Վանաձորի բաժնի օպերատիվ խմբերը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչների հետ՝ քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ, Երկաթուղայինների այգում քննաչական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար դեպքի մանրամասներն ու հանգամանքերը: Հաշվի առնելով կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայրում է նաև Լոռու մարզի դատախազ Հակոբ Կարախանյանը:

Սպանված երեխան սովորում էր Երևանի թիվ 97-րդ դպրոցի 10-րդ դասարանում և Երևանում գործող Ձեռքի գնդակի խմբի անդամ էր: Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: