Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին և ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին' ուղեկցությամբ ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի:

 

Հանդիպմանը Նորին Սրբությունը հյուրերին ծանոթացրեց Հայ Եկեղեցու կարևոր առաքելությանն ու դերակատարությանը մեր ժողովրդի կյանքում' ընդգծելով, որ քրիստոնեական հավատը զորացրել է հայ ժողովրդի ոչ միայն հոգևոր, այլև ստեղծագործական կյանքը' հանդիսանալով ինքնության պահպանաման հիմնական երաշխիքը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Ռայմոնդ Պաուլսին և Վլադիսլավ Տրետյակին' երաժշտության ու սպորտի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված ուժ և եռանդ պարգևի նրանց' նորանոր հաջողություններով շարունակելու խանդավառել և ոգեշնչել հասարակությանը և սնել հատկապես երիտասարդ սերնդին իրենց նվիրյալ ծառայության միջոցով քարոզվող հոգևոր-բարոյական արժեքներով:

 

Իրենց հերթին Վլադիսլավ Տրետյակն ու Ռայմոնդ Պաուլսը երախտագիտություն հայտնեցին հայության հոգևոր կենտրոնում ջերմ ընդունելության համար, ապա հանդիպման ավարտից հետո այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ' ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին: