Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2013 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը հաշվետու զեկույցում նշեց, որ անցած 9 ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք, որը 15,7 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Աճը պայմանավորված է հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկայի բացառումով: Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 13,6 տոկոսով, սպանության փորձերը՝ 44,4, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ 26,2 տոկոսով: Միևնույն ժամանակ, 58,3 տոկոս նվազում է արձանագրվել մարդկանց թրաֆիքինգի դեպքերով: Աճել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման արդյունավետությունը՝ 83,7 տոկոս:

Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվն աճել է 4 դեպքով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 1-ով:

Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրվել է դիտավորյալ սպանության 13 դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում 9-ը բացահայտվել են: Բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12,1 տոկոսով՝ կազմելով 69,2 տոկոս: 5,1 տոկոս աճ է արձանագրվել նաև ավազակային հարձակման դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Նախկինում կատարված՝ կասեցված հանցագործություններից այս տարվա 9 ամիսների ընթացքում բացահայտվել է 399 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 380-ի դիմաց, և այս միտումը վարչության ձեռքբերումներից է:

2013 թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 534 անձ:

Հաշվետու զեկույցին հետևած քննարկման ընթացքում ոստիկանության բաժինների պետերը ներկայացրին տարածքների օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները, իրականացվող միջոցառումների ընթացքը, անձնակազմի հետ տարվող աշխատանքը:

Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, բնակչության հետ համագործակցելու, համայնքների քրեածին իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով հաշվետու շրջանի ցուցանիշներին՝ ոստիկանության պետը կրկին ընդգծեց, որ հանցագործությունները գրանցումից թաքցնելը բացառելն այլընտրանք չունի:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև անձնակազմի օպտիմալացման, մի շարք ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխության ծրագրերին, դրական գնահատեց ոստիկանության բաժիններում ընթացող հիմնանորոգման աշխատանքները և համոզմունք հայտնեց, որ Երևանի կայազորում ընթացող բարեփոխումների գործընթացը նպատակամղվածության, յուրաքանչյուր ոստիկանի աշխատանքի օբյեկտիվ ու արդար գնահատման, ծառայողների պրոֆեսիոնալ պատրաստվածության շարունակական բարձրացման շնորհիվ հասցնելու է ցանկալի նպատակին՝ նոր ոստիկանության ձևավորմանը: