Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լատվիացի հայտնի երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:

 

Նախագահը ողջունել է հանրաճանաչ երգահանին Հայաստանում, բարձր գնահատել մշակույթի գործին նրա անձնվեր ծառայությունը՝ ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ դաստիարակվել են միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ բազմահազար մեր հայրենակիցներ, ովքեր այսօր էլ ջերմությամբ են ընդունում անվանի երաժշտին և մեծ տպավորություն են ստացել նրա երևանյան համերգից:

 

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահը շնորհավորել է անվանի երգահանին ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ: