Անցած շաբաթ Արարատի մարզպետի պաշտոնը սեփական դիմումի համաձայն լքած Էդիկ Բարսեղյանը երեկ նշանակվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական:

 

Էդիկ Բարսեղյանը, սակայն, հայտարարել էր, որ մարզպետի պաշտոնից հրաժարվելը կապված էր իր տարիքի ու հոգնածության հետ:

 

Այսօր Լուրեր.com-ը փորձեց կապ հաստատել նորանշանակ խորհրդականի հետ` պարզելու, թե արդյոք նրա՝ մարզպետի պաշտոնից հեռանալն ուներ այլ պատճառ:

 

Էդիկ Բարսեղյանը, չնայած իր կողմից մատնանշած տարիքին և հոգնածությանը, նշեց, որ զբաղված է և չի կարող պատասխանել մեր հարցերին:

 

Փոքր ուշ արդեն մեր զանգին պատասխանեց ոչ թե Էդիկ Բարսեղյանը, այլ ուրիշ անձ, ով նշեց, որ Բարսեղյանն այս պահին զբաղված է և չի կարող խոսել մեզ հետ:

 

Մարզի նախկին ղեկավարը չի դադարում պնդել, որ ինքն է խնդրել, որպեսզի իրեն ազատեն մարզպետի պաշտոնից: Նա նաև նշել է, որ իրեն երեք պաշտոն են առաջարկել: Բայց այս դեպքում իր բերած պատճառաբանությունը, թե հրաժարականի դիմումի պատճառը եղել է տարիքը և հոգնածությունը, հօդս են ցնդում:

 

Էդիկ Բարսեղյանը մարզպետի աթոռը զբաղեցնում էր 2010 թվականի հուլիսից: Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերժ Սարգսյանն է նախկին մարզպետին հորդորել հեռանալ՝ խոստանալով ցանկության դեպքում որոշ ժամանակ անց Էդիկ Բարսեղյանին այլ պաշտոն տալ: