Ռեգնում գործակալությունը հրապարակել է ցնցող նյութ, որով փաստացի արձանագրել է Մաքսային միություն մտնելու օգտին փաստարկների լիակատար բացակայությունը:

 


Հեղինակը՝ «հայ վերլուծաբան» Անուշ Լեւոնյանը բացահայտ մեղադրում է ռուսական քարոզչական մեքենային եւ Ռոսսոտրուդնիչեստվոյին այն բանում, որ դրանք չեն կարողանում ներկայացնել հոդաբաշխ փաստարկներ, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի ինքնիշխանությունից եւ մտնի Մաքսային միություն: Ընթացքում Անուշ Լեւոնյանը ընդունում է խորհրդային ինտեգրացիայի հակառակորդների «պրոֆեսիոնալիզմը» եւ փաստարկների առատությունը:

 


Ըստ ամենայնի, նրանց, ում հանձնարարվել էր դառը «մաքսային կոնֆետը» փաթաթել սիրուն թղթով, չի հաջողվել անել այդ գործը: Եւ խնդիրը նման խոստովանությունների հեղինակների անձը չէ: Նրանք նյարդայնանում են, քանի որ տեսնում են, որ նույնիսկ Ռուսաստանին սիրո խոստովանությունները Հայաստանում արվում են հեգնական տոնով:

 


Նման օրինակ Անուշ Լեւոնյանը բերում է: Մոսկվա մեկնելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով Մաքսային միությանը Հայաստանի կամավոր անդամակցության մասին, խիստ լուրջ տոնով ասել է, որ դա շատ կարեւոր որոշում է, եւ 20 տարի անց հայերը կզգան դրա առավելությունները:

 


Երեւում է նման արհամարհական տոնը, որով նույնիսկ Հայաստանի պաշտոնատարներն են խոսում Մաքսային միության մասին, նյարդայնացնում է մեր ռուս ընկերներին: Երեւի հիմա էլ Տիգրան Սարգսյանին կրկին կանչեն Մոսկվա եւ ստիպեն նույնը ասել առանց հեգնանքի:

 


Իսկ վերջին կաթիլը դարձել է Զորի Բալայանի նամակը, որում նա չեռնոմիրդինյան ոճով բացել է ռուսական ագիտպրոպի բոլոր խաղաքարտերը եւ փչացրել ողջ պատկերը: Ներկայում ռուս փորձագետները դեռ երկար են մաքրելու Զորի Բալայանի եփած ճաշը, որը Հայաստանում խոր զզվանք է առաջացրել, այդ թվում ընդդեմ ռուսական կայսերական քաղաքականության:

 


Ռուսական քարոզչական մեքենան անհույս լռվել է հայկական լեռներում: Կան տեղեկություններ, որ Ռուսաստանը հետ է կանչում ոչ անհայտ Կրիվոպուսկովին, ով քարոզում էր հայ-ռուսական միաձուլումը: Վերջերս նրան մեղադրեցին Ղարաբաղի հայերի դեմ պատժիչ արշավանքներում մասնակցության համար: Դրանից հետո ինչպես նա կարող է մնալ:

 


Այդպես է լինում, երբ կայսրությունը 300 տարի չի փոխում հռետորաբանությունն ու մեթոդները, երբ սապոգը ներկայացվում է որպես փրկօղակ: Այդպես է լինում, երբ հակահայկական թեզերի տակ ստիպում են ստորագրել հայերին կամ հորինում հայկական ստորագրություններ: Այդպես է լինում, երբ կայսերական քաղաքականությունն առաջ մղողները զլանում են էքսպանսիայի համար թեկուզ փոքրիկ առավելություններ ու փաստարկներ հորինել:
Մնում է մաքուր էքսպանսիան, եւ այն որեւէ փաստարկով հնարավոր չէ քողարկել: Մանավանդ որ, փաստարկներ ու առավելություններ չկան, եւ չեն կարող լինել: Պարզապես, Հայաստանի ու Ռուսաստանի շահերն են օբյեկտիվորեն տարբեր, ավելին՝ դրանք հակընդդեմ են: