ՀՀ կառավարությունը քննարկել է «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքներում լրացումներ կատարելու, ինչպես նաև «Արտարժույթի մասին» օրենքի նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

 

Առաջին երկու օրինագծով առաջարկվում է 2014թ. հունվարի 1-ից Հայաստանի տարածքում արգելել արտարժութային վարկերը` ելնելով տնտեսվարող սուբյեկտների` տնտեսավարման հավասար դաշտում գործելու, ՀՀ ազգային արժույթի դիրքերն ամրապնդելու, միջազգային պահուստները խնայելու անհրաժեշտությունից, իսկ երրորդով` արգելել արտարժութային գները: Գործադիրը, վկայակոչելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքը, հիշեցրել է, որ դրա համաձայն ՀՀ տարածքում վարկերը տրամադրվում են միայն դրամով, իսկ արտարժույթով' հիմնականում միայն բիզնես վարկերը:

 

Բացի այդ, նշված օրենքը սահմանել է այն անհրաժեշտ ու բավարար պայմանները, որոնք ապահովում են ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը, ուստի կառավարությունն այս փուլում նպատակահարմար չի համարում ներկայացված օրինագծերի ընդունումը: