Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին է մակագրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասին առաջին կետ, հատկանիշներով քաղաքացի Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործը:

 

Քրեական գործը հարուցվել էր քաղաքացի Արթուր Անդրեասյանի, ՀՀ ոստիկանության նախկին և գործող մի շարք պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ քաղաքացիների կողմից ուրիշի' առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու, կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու, վաշխառությամբ զբաղվելու դեպքերի վերաբերյալ:

 

Արթուր Անդրեասյանը, ըստ մեղադրանքի, 2010 թվականի հունիսից մինչև 2013 թվականի մայիսի 3-ը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով՝ թվով 7 քաղաքացուց հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար, նրանց անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք:

 

Մամուլի հրապարակումներում որպես խարդախություններով ու շորթումներով զբաղվող խմբի ակտիվ դերակատարներ շոշափվում էին Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, ինչպես նաև՝ Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունները։ ՀՔԾ-ն առայժմ ոչ հաստատում, ոչ հերքում է այդ տեղեկությունները, իսկ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի համաձայն՝ Արթուր Անդրեասյանին առաջադրված մեղադրանքում այդ անունները անուղղակիորեն են շոշափվում. Ա.Անդրեասյանը շահարկել է նրանց անունները:

 

Այսպես, ըստ համառոտ մեղադրական եզրակացության՝ բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում՝ Ա.Անդրեասյանը նկարագրված արարքները կատարել է' Կարեն Բաբակեխյանի, Ներսես Նազարյանի, նրա որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության շնորհիվ, իր հանդեպ վստահության շահարկմամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով: 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստինֆո»