Ըստ Սամվել Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի' նա, բնակվելով ԱՄՆ-ում, օժանդակել է ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացի, «Ծիծակ» մականունով Արման Գևորգյանին մաքսանենգությամբ՝ մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով' ԱՄՆ-ից թանկարժեք ավտոմեքենաներ Հայաստան տեղափոխելուն:

 

Ս.Ստեփանյանն, ըստ մեղադրանքի, ամերիկյան վարկային կազմակերպությունների տրամադրած գումարներով իր անվամբ ձեռք է բերել «Porsh» մակնիշի 2011թ. արտադրության, «BMW 750 LI» մակնիշի, 2010թ. արտադրության, «ACURA ZDX» մակնիշի 2010թ. արտադրության, «LEXUS» մակնիշի 2011թ. արտադրության, «CADILLAC» մակնիշի ավտոմեքենաները՝ սահմանված ժամանակացույցով վարկի գումարները մարելու, ինչպես նաև վարկային գումարները տրամադրած ֆինանսական ընկերությունների թույլտվությունը չլինելու դեպքում ավտոմեքենաներն ԱՍՆ տարածքից չարտահանելու պայմանով։

 

Այնուհետև, նշված ավտոմեքենաները հանձնել է Արման Գևորգյանին, որի կողմից էլ կազմակերպված եղանակով' դրանք տեղափոխվել են Հայաստան:

 

Սամվել Ստեփանյանն, այսպիսով, ըստ մեղադրական եզրակացության, իր գործողություններով օժանդակել է Արման Գևորգյանին' Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մաքսանենգությամբ մաքսային փաստաթղթերր խաբեությամբ օգտագործելու միջոցով խոշոր չափերով' ընդհանուր 179.750.000 դրամ շուկայական արժեքով ապրանքներ տեղափոխելուն, այսինքն՝ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 1-ին մասով՝ մաքսանենգությանը օժանդակելը։

 

Սամվել Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, գործով առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:











«Փաստինֆո»