ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո ծառայությունը, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության 22.10.2013 թվականի «Հարկադիր կատարողը խոշոր չափի գումար է յուրացրել» վերնագրով տեղեկատվությանը, հայտնում է.

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 17.09.2013թ. թիվ 754 հրամանի համաձայն ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Արթուր Մնացականյանի նկատմամբ:

 

Ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ հարկադիր կատարող Արթուր Մնացականյանի կողմից թվով 17 կատարողական վարույթներով պարտապաններից ընդհանուր առմամբ գանձվել է 1.289.858 (մեկ միլիոն երկու հարյուր ութսունինը հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ, որը սահմանված կարգով չի վճարվել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին և չի փոխանցվել պահանջատերերին:

 

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ գործողություններում կարող են պարունակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, համապատասխան նյութերն ուղարկվել է Հայաստանի Հնարապետության Հատուկ քննչական ծառայություն՝ վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:

 

Նյութերի հիման վրա ՀՔ ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով' ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հայցերով հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Արթուր Մնացականյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված ուրիշի գույքի խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը շահագրգիռ է նման դեպքերի բացահայտման գործում՝ նպատակ հետապնդելով Ծառայությունում ունենալ միայն օրենքի տառը հարգող, արդարամիտ ու ազնիվ հարկադիր կատարողներ: