Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը չի փոխվել: Եվրամիության և Եվրասիական ուղղությամբ Մաքսային միության հետ հարաբարությունները Հայաստանը միշտ դիտարկել է որպես փոխլրացնող: Այսպես է պատասխանել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի`այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում արված հարցադրմանը:

 

«Մենք երբեք չենք ասել, որ փաստաթղթերը փոխլրացնող են: Մենք ասել ենք, որ այդ քաղաքական գործընթացները մենք դիտարկում ենք որպես փոխլրացնող քաղաքական գործընթացներ: Փաստաթղթերում, իհարկե, կարող են լինել կետեր, որոնք միմյանց հետ կմտնեն հակասության մեջ: Դա բնական է և ենթադրում է, որ բանակցային գործընթացի միջոցով մենք պետք է կարողանանք շտկել այդ հակասությունները»,- eMedia.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

 

«Եթե մենք առաջնորդվենք ձեր տրամաբանությամբ, ապա Հայաստանը պետք է ունենա միայն մեկ ռազմավարական գործընկեր, և վերջ: Այդպես չի լինում: Մենք նպատակ ունենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները, և այդ առումով դա բխում է մեր պետության ու ժողովրդի շահերից: Մենք ինքներս ենք որոշել արտաքին քաղաքականության գերակայությւնները, այն, թե ովքեր են մեր ռազմավարական գործընկերները, ինքներս հիմնավորել ենք դա և դա միշտ արել ենք հրապարակային և բաց»,- ասել է վարչապետ Սարգսյանը:

 

Վարչապետն ասել է, որ Հայաստանի բոլոր գործընկերները, շատ լավ հասկանոմ են մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները և գործողությունների տրամաբանությունը: Հայաստանը բաց ու հրապարակային է եղել և ԵՄ-ի, և ՌԴ-ի, և Միացյալ Նահանգների հետ, և այս երկրների համար մեր արտաքին քաղաքականությունը եւ դրդապատճառները հասկանալի են:

 

«Այլ խնդիր է, որ իհարկե կան քաղաքական ուժեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս, որոնք ասում են, որ նախապատվությունը պետք է տալ եվրաինտեգրման գործընթացին և ոչ թե եվրասիական ինտեգրմանը: Կարելի է այդ առումով բերել տասնյակ փաստարկներ՝ ի օգուտ և ի վնաս մեզ, սակայն մեր նպատակն է՝ երկու ուղղություններով էլ շարունակել այս գործընթացները»,- եզրափակել է գործադիրի ղեկավարը: