«Այն նախագծերը, որը ներկայացրել է ԲՀԿ-ն, օրինակ' նվազագույն աշխատավարձը 70 հազար դրամ դարձնել և որը կառավարությունը մերժել է, դրանք նորից դնելու ենք շրջանառության մեջ: Քաղաքացիներն այսօր ուղղակիորեն մատնված են սովի, սա է խնդիրը»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը' անդրադառնալով պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը օրինագծին, որը քննարկվեց անցած քառօրյայի ընթացքում:

 

«Կառավարությունը նման օրինագիծ ներկայացնելու բարոյական իրավունք կունենար այն դեպքում միայն, եթե կատարեր իր խոստումները, օրինակ, բացեին ձեռնարկություններ, ստեղծեին աշխատատեղեր: Իսկ տվյալ պարագայում սա իշխանական էլիտայի ոչ ադեկվատության մասին է խոսում»,- շեշտեց Ն.Զոհրաբյանն ու հավելեց' ԲՀԿ-ն միանշանակ դեմ է քվեարկելու օրինագծին, քանի որ այս փուլում չէ, որ պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան: ԲՀԿ-ն նաև պատրաստվում է առաջարկներ անել օրինագծի երկրորդ ընթերցման ռեժիմում, եթե, իհարկե, առաջին ընթերցմամբ այն ընդունվի: