Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը, որի ընթացքում ցուցմունքներ տվեց գործով տուժող Գարիկ Սողոմոնյանը:

 

Նա ասաց, որ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հարվածել է իրեն, որի արդյունքում ինքն ընկել է, և երբ ցանկացել վեր կենալ, իրեն հարվածել են, ինչի արդյունքում ինքն ուշագնաց է եղել: Մինչ իրեն հարված հասցնելը, ըստ տուժողի ցուցմունքի, ինքը հանգիստ խոսել է ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի հետ: Իր կարծիքով՝ Նորայրն այն մարդը չէր, որ ցանկանար՝ այնտեղ կռիվ լինել: Այս մասին տեղեկանում ենք 168.am լրատվականից:

 

Կայքը գրում է. «Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց՝ արդյոք իր պաշտպանյա՞լն է Գարիկ Սողոմոնյանին քթի կոտրվածք պատճառել: Տուժողը պատասխանեց, թե չի կարող ասել, ապա հավելեց, թե երբ Նորայր Հայրապետյանի հարվածից հետո ինքն ընկել է, կարծես թե՝ քթի շրջանում արյուն չկար: Տուժող Գարիկ Սողոմոնյանի խոսքով՝ ինքն անձամբ Նորայր Հայրապետյանին չի հայհոյել. հնարավոր է՝ որոշ բառեր հնչել են խառը իրավիճակում:

 

Գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը դատարանում հայտնել էր, որ կռվել է Գարիկ Սողոմոնյանի հետ, և տուժողն այդ կռվի ընթացքում իրեն մարմնական վնասվածք է հասցրել: Պատասխանելով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի հարցին՝ արդյոք նա իրեն տեսե՞լ է որևէ մեկին հարվածելիս՝ տուժող Գ. Սողոմոնյանն ասաց՝ չի տեսել: Որևէ մեկին հարվածելիս չի տեսել նաև ամբաստանյալ Արման Խաչատրյանին: Գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը տուժողից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ տուժողը հերքում է այն հանգամանքը, որ իրենք կռիվ են արել»:

 

«Ես ոչ մի բան չեմ հերքում, ես ինչ կա, ասում եմ»,- ի պատասխան ասել է տուժող Գ. Սողոմոնյանը:

 

Ապա նշել է, որ չի հիշում նման բան: Տուժողի ցուցմունքի ավարտից հետո ամբաստանյալ Արման Բաղդաարյանը հանդես է եկել  հայտարարությամբ: Ըստ նրա՝ տուժողների ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը: «Սակայն իրանք լավ գիտեն և՛ իրենց գործողությունները, և՛ ամբաստանյալներինը: Դատարանին չեն հայտնում հայտնի պատճառով, որպեսզի բոլորի կողմից դիտեն բոլոր ամբաստանյալների գործողությունները միանման՝ առանց հաշվի առնելու, որ, ասենք, մարդ կա՝ որևիցե գործողություն չի արել, որևիցե մի բանի չի մասնակցել կամ ընդհանրապես դեպքի վայրում չի եղել: Հարգելի՛ դատարան, այս ցուցմունքները չեն կարող արժանահավատ լինել, քանի որ սրանք կեղծ են, սուտ ցուցմունքներ են միանման շաղկապված:

 

Ո՞նց կարող է մարդ կանգնի, մեկ այլ մարդու հետ խոսի, չտեսնի՝ ում հետ է խոսում, մեկի հետ վիճի, չիմանա՝ ով է»,- ասել է Արման Բաղդասարյանը և զարմանք հայտնել՝ եթե ամբաստանյալները չեն տեսել՝ ով ինչ գործողություն է արել, ինչպե՞ս կարող են վստահ ասել, որ բոլորն էլ մասնակցել են կռվին: Նրա խոսքով՝ ամբաստանյալները դատարանում հայտնել են ճշմարտությունը. ինքը դեպքի վայրում չի գտնվել: