Խանութներում ձուն քիչ է, եղածն էլ թանկացել է։ Արդեն տևական ժամանակ է հայաստանյան շուկայում այս պատկերն է․ ձվի դեֆիցիտ է սկսվել։ Մեկ ձվի գինն այժմ խանութներում տատանվում է 70-90 դրամի սահմաններում, իսկ տնականը՝ 90-100 դրամի։ Թե ով կամ ովքեր են դրա մեղավորը, դեռևս պարզ չէ, սակայն դեֆիցիտի պատճառների վերաբերյալ տարբեր վարկանծներ են շրջանառվում։ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ՝ պատճառները կարող են տարբեր լինել։

 

Հնարավոր է՝ մի կողմից լինի պահանջարկի ավելացումը, մյուս կողմից, գուցե, արտադրությունն է վերջին շրջանում նվազել պահանջարկի համեմատ։ «Մյուս պատճառը կարող է լինել այն, որ ձու արտադրող ընեկրությունների միջև գնի բարձրացման վերաբերյալ ներքին պայմանավորվածություններ լինեն։ Սա էլ ես չեմ բացառում»,֊ ТЕSADASHT.am֊ի հետ զրույցում նշել է Մանասերյանը։

 

«Տնտեսագետը կարծում է, որ այս պարագայում, ձվի դեֆիցիտի պատճառների ոչ մի տարբերակ չի կարելի բացառել, այդ թվում՝ ձու արտադրող ընեկրությունների կողմից ձվերը պահուսատորելն ու Ամանորին նախաշեմին թանկ վաճառելը։ Հիշեցնենք, որ հայաստանյան շուկայում ձու արտադրող ընկերությունները այս հարցում արդեն իսկ փորձ ունեն։

 

Խոսքը 2010 թվականի տարեվերջին առաջացած դեֆիցի մասին է։ Այդ ժամանակ պարզվեց,որ ձու արտադրող մի քանի ընկերություններ հանգիստ խղճով պահուստավորել էին իրենց ձվերը և սպասում էին մինչև լավ թանկանա, նոր հանեն վաճառքի։ Բայց այս տարբերակի հավանականությունը, Թ․ Մանասերյանի կարծիքով, այնքան էլ մեծ չէ»,-գրում է կայքն ու մեջբերում տնտեսագետի խոսքը. «Հաշվի առնելով, որ դեռ երկու֊երեք ամիս կա Ամանորին, կարծում եմ, պահուստավորելն այնքան էլ իրատեսական չէ»:

 

Առավել հավանական տարբերակներից է ձու արտադրողների կողմից ներքին պայմանավորվածությունները։ Ըստ Մանասերյանի, չնայած այսօր, ըստ էության, հայաստանյան շուկայում ձու արտադրող ընկերությունների միջև կա մրցակցություն, սակայն դա չէր խանգարի համաձայնություններին։ «Չեմ բացառում, որ ներքին համաձայնություն ձեռք բերած լինեն, քանի որ ձու արտադրող ընկերույթունները շուկայում քիչ են։ Կարծում եմ՝ եթե բոլոր գործոններն ու վարկածները գումարենք իրար, կտեսնենք, որ իսկապես կան լուրջ առարկայական պատճառներ ձվի գնի թանկացման հետ կապված»,֊ ասել է տնտեսագետն, ում կարծիքով՝ Հայաստանը ձու արտադրող ընկերությունների պակաս չունի։

 

«Ձվի դեֆիցի տարբերակներից մեկն էլ, որ առաջ է քաշել մամուլը, մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթն, այն է, որ ձու արտադրող ընկերությունները ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով չեն կարողացել «հին թռչունները» փոխարինել նորերով: Նրանք ստիպված դիմել են հայաստանյան բանկերին՝ վերաֆինանսավորվելու նպատակով, որոնք, սակայն, օգոստոսին վարկեր տալու փոխարեն գումարը հատկացրել են հոկտեմբերի 1-ից:

 

Եվ այդ պատճառով Հայաստանում տոհմային տնտեսությունը զարգանալու փոխարեն գոյատևում է»,-գրում է լրատվամիջոցն ու հավելում, որ այսօրվա դրությամբ հայաստանյան շուկայում ձու արտադրող 17 ընկերություններից գերիշխող են համարվում չորս ընկերություններ՝ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան», «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկան», «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան» և «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան»։

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ) մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը կայքի հետ զրույցում տեղեկացրել է, որ hանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացնում շուկայում և տեղեկատվություն է պահանջել գերիշխող այս ընկերություններից, որոնք պարզաբանումներ և փաստարկներ են ներկայացրել։ «Այս պահին ընկերությունների ներկայացուցիչների հետ ընթանում են լսումներ, քննարկումներ։ Ներկայացված փաստաթղթերի հիման վրա մենք փորձում են եզրակացություններ կատարել՝ համադրելով և համեմատելով նաև միջազգային շուկայում առկա գների հետ։ Վերջնանարդյունքում հանձնաժողովը փորձում է պարզել, թե ինչն է փոխվել ձվի ինքնարժեքում, որը կարող էր այսպես անդրադառնալ ձվի գնի բարձրացման վրա»,֊ նշել է խոսնակը՝ հավելելով, որ եթե պարզվի՝ որևէ արտադրող անբարեխիճ մրցակցություն է դրսևորել, ապա կտուգանվի։