Լաուրա Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնությունը: Ըստ մեղադրանքի՝ նա, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում «հանցագործության մասին» սուտ հաղորդում է տվել:

 

Ըստ հաղորդման՝ 2012թ. դեկտեմբերի 15-ին' ժամը 17։30-ի սահմաններում, իր փաստացի ամուսին Հարություն Հարությունյանը ճանապարհելիս է եղել իր ապօրինի դստերը՝ Մարիամ Գրիգորյանին, որի հեռանալուց հետո բարձրացել է բնակարան և նկատել, որ ննջասենյակից բացակայում է իր 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա թևնոցը և 300.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը։ Նշել է նաև, որ «լիովին համոզված է, որ դա կատարել է Մարիամ Գրիգորյանը»։

 

Դատական քննության ընթացքում ամբաստանյալ Լաուրա Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն տեղեկացված լինելով, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին ընդունել է Համաներում հայտարարելու մասին որոշումը՝ դիմել է Դատարանին' իր նկատմամբ համաներման վերոնշյալ ակտը կիրառելու, ոչ արդարացնող այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու խնդրանքով։

 

Պաշտպան Հ.Իսրայելյանը միացել է իր պաշտպանյալի դիրքորոշմանը, իսկ մեղադրող Վ.Պողոսյանն էլ չի առարկել այդ միջնորդության դեմ:

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, հոկտեմբերի 21-ի որոշմամբ փաստել է, որ առկա է ոչ արդարացնող այդ հիմքով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնեու և գործի վարույթը կարճելու' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը' ամբաստանյալի համաձայնությունը, քանի որ վերջինս է Դատարանին դիմել Համաներման որոշումն իր նկատմամբ կիրառելու միջնորդությամբ։ Դատարանը նաև փաստել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելը Համաներման որոշումը կիրառելու խոչընդոտ չի հանդիսանում։

 

Դատարանը, ասյսպիսով, որոշել է ամբաստանյալ Լաուրա Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել' «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի՝ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ։

 

Խափանման միջոց չհեռանալու վերաբերյալ ստորագրությունն անհապաղ վերացվել է։

 

 

 

 

 

 

«Փաստինֆո»