Վաղը Ազատության հրապարակից դեպի նախագահական կկազմակերպվի բողոքի երթ Պռոշյան համայնքի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Լուսինե Պետրոսյանը սպանությունը որակեց որպես քաղաքական ենթատեքստ ունեցող: Ըստ բանախոսի՝ գյուղապետին սպանել են միմիայն նրա զբաղեցրած աթոռին հասնելու համար:

 

Նշեց նաև, որ այս օրերին գյուղում լարված մթնոլորտ է: Բանն այն է, որ գյուղում աշխատանքից ստիպողաբար ազատվում են Հրաչ Մուրադյանի հետ կապ ունեցող մարդիկ: Վերջինս սպանությունը կապեց նոր ընտրված գյուղապետի հետ, որի պատճառով էլ գյուղապետարանի աշխատակիցները, ավելի ուշ՝ նաև մանկապարտեզի աշխատակիցները, թողեցին իրենց աշխատանքը:

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մելանյա Առուստամյանը ևս ներկա էր ասուլիսին, ով հայտարարեց որ անպայման դիմելու են ՄԻԵԴ, քանի որ դատական համակարգի նկատմամբ վստահություն այլևս չկա:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ նկատում է, որ այս գործի բացահայտումը մեր պետության իրավապահ մարմինների պատվի գործն է, ով տեղեկացրեց նաև, որ այս գործի շրջանակներում այսօր գլխավոր դատախազի հետ են հանդիպելու: