ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով' Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկումը կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ:

«Գտնում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել, կապված է նրա անձնական գործունեության հետ. փորձ՝ միջամտելու մեր Զինված ուժերի համալրման խնդիրներին։ Նրա քաղաքական գործունեության հետ, կարծում եմ, կապ չունի, և նույնիսկ եթե նրա քաղաքական գործունեությունը չլիներ և տեսնեինք, որ ինքը կապված է այդ հարցի հետ, նրա նկատմամբ հետապնդումն իրականացվելու էր»,-ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց նախարարը:

 

Նախարարն ամեն դեպքում ընդգծեց, թե իր վերաբերմունքը դրանով չի փոխվել։

 

«Բայց դա ոչնչի հետ կապ չունի և միշտ էլ իմ վերաբերմունքը մեր մարտական ընկերների հետ եղել է բարի-դրացիական»,-ասաց նա և հավելեց, թե Վոլորդյա Ավետիսյանի հետ նույնպես ինքը միշտ էլ այդպիսի հարաբերություններ է ունեցել։

 

«Նաև այս վերջին իրադարձությունների շրջանակում, ես գոնե երկու անգամ հանդիպել եմ նրահետ և հանդիպման ժամանակ փորձել ուղղության տալ, թե ինչ կերպ նա կարող է աշխատել և ասել, որ առաջինը պետք է զեկուցվի նախարարությանը: Նաև նշել եմ, թե որոնք են մեր պետության հնարավորությունները, և մինչև ՀՀ նախագահին տեղեկացվելը խախտվել է մեր պայմանավորվածությունը»,-նշեց նա։

 

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը կասկածվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ:

 

Մի խումբ ազատամարտիկների գնահատմամբ՝ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում իր ծավալած պայքարի համար: