ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը' համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ, այդ թվում' 20 բուհեր և Կրթության ազգային ինստիտուտը:

 

Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 1մլրդ 172 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը Երևանի պետական համալսարանն է՝ 73-րդ տեղ (վճարել է 1 մլրդ 149 մլն դրամ ), երրորդը' Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 549 մլն 72 հազար դրամ ցուցանիշով 159-րդ տեղում է: Չորրորդը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է 439մլն 488 հազար դրամով և գտնվում է 185-րդ տեղում, որին հաջորդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (192-րդ տեղ՝ 420 մլն 953 հազար դրամ):

 

Խոշոր հարկատուների ցանկում ըստ հաջորդականության ընդգրկված են Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանը, Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարաժական ինստիտուտը,Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ ոստիկանական ակադեմիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Ֆրանսիական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան և Գավառի պետական համալսարանը:

 

Բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 6,3 մլրդ. դրամ: Ի դեպ նախորդ տարվա՝ 2012 թվականի ցուցանիշը եղել է շուրջ 3,9 մլրդ դրամ: