Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նկատում է, թե քանի որ Հայաստանում խնդիրները բազմաթիվ են, գուցե պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն արդարացված չէ: Միաժամանակ նա նկատում է, թե աշխատավարձերը բարձրացնելով՝ պետք է ստիպել «չինովնիկին» ավելի որակյալ կատարել իր պարտականությունները։

 

«Իհարկե, տեսնելով մեր պետության ներսում որոշակի խնդիրներ՝ մենք շատ հաճախ մտածում ենք, որ արդարացված չի աշխատավարձերի այդ բարձրացումը, բայց կարծում եմ, որ չինովնիկի աշխատավարձը բարձրացնելով՝ կարելի է նրանից պահանջել, որ նա ավելի լավ կատարի իր պարտականությունները»,- ասաց մարզպետը:

 

Հարցին՝ թե կոնկրետ իրեն աշխատավարձը բավականացնու՞մ է, Վահե Հակոբյանը պատասխանեց․«Ես ավել աշխատավարձի կարիք չունեմ»:

 

Իսկ նոր պաշտոնին Վահե Հակոբյանը գերազանց է զգում, թեկուզ աշխատանքը ծանրաբեռնված է:

 

Հարցին, թե Սյունիքի մարզում կա՞ արդյոք նախկին մարզպետի ազդեցությունը, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Ձեր հարցը չեմ հասկանում։ Ես, որպես Սյունիքի մարզպետ, կատարում եմ իմ պարտականությունները, և որևէ մեկն իմ փոխարեն իմ պարտականությունները չի կատարում»:

 

Միաժամանակ նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի հետ նորմալ հարաբերություններ ունի:

 

Ինչ վերաբերվում է նրան որպես ժամանակավոր պաշտոնակատար փոխարինած Արա Դոլունցի հրաժարականին, մարզպետը հավատացրեց, թե ինքը նրան հեռացնելով չի փորձել վերացնել այդ ազդեցությունը։ Ըստ մարզպետի՝ Արա Դոլունցն ազատվել է իր դիմումի համաձայն. «Նա շատ լավ մարդ է և շարունակում է ծառայել Սյունիքին»։

 

Իսկ թե ինչու՞ ընտրեց քաղաքականությունը և ոչ բիզնեսը, Վահե Հակոբյանը նշեց. «Ինձ նշանակել են որպես Սյունիքի մարզպետ, և ես իմ գիտելիքները ասեմ, թե բիզնեսից ստացած փորձը ասեմ, բոլորը ցանկանում եմ համադրել ու ծառայեցնել ի նպաստ ժողովրդի»:

 

Անդրադառնալով Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ իրանական կողմին տալու խնդրին՝ Վահե Հակոբյանն ասաց, որ նման խնդիր օրակարգում չկա. «Մենք գյուղատնտեսության ոլորտում իրականացնում ենք հստակ քաղաքականություն և այդ շրջանակներում փորձելու ենք մեր ռեսուրսներն օպտիմալ բաշխել, իսկ մեր արոտավայրերը մեր ոչխարների համար ենք պահում»։

 

Tert.am