«Ավետիք Բուդաղյանի վրա կրակոցների ժամանակ նա որևէ վտանգ չի ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի և նրա կողմնակիցների համար, այլ հակառակը' նա փորձել է եղբորը հեռացնել այդտեղից»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը:

 

Նշենք, որ պաշտպանն այս անգամ իր հետ մամուլի ակումբ էր բերել ձայն պարունակող տեսագրությունը, և նա էկրանի օգնությամբ մեկ առ մեկ բացատրեց, թե որտեղից ինչ կրակոցներ են հնչել:

 

«Մոնտաժված տարբերակում շատ հետաքրքիր ձևով կադրերը լղոզված են: Կադրերը մեզ մոտ ամրապնդում են այն տեսակետը, որ վերևից ինչ-որ մեկը կրակել է: Կա մի կրակոցի ձայն, որը զգալիորեն տարբերվում է մյուս հնչած կրակոցներից: Այս հարցին փորձագետները հնարամիտ պատասխան տվեցին' իբրև թե երկու ձայն համընկել են իրար: Եթե համընկնում է, ուրեմն պետք է բացատրեն, թե ով է կրակել երկրորդը: Այս հարցի պատասխանը նույնպես քննիչի մոտ չկա: Ամենայն հավանականությամբ, այս հարցը և մյուսները պետք է լինեն քրեական գործում, բայց տարօրինակ է, որ այդ նյութերը նախաքննական մարմինը դատարան չի ներկայացնում: Դա մեզ լրացուցիչ հիմք է տալիս մտածելու, որ իրենք թաքցնելու բան ունեն»,-ասում է պաշտպանը:

 

Վերջինիս խոսքով' իր պաշտպանյալը պնդում է, որ ինքը տանից կրակոց է տեսել: Արտակ Բուդաղյանն ասել է պաշտպանին, որ ինքը միայն կրակոցն է տեսել և ձայնը լսել, բայց մթության մեջ չի նկատել կրակողին: