Ռուսաստանի Մայկոպի երկրամասում օգոստոսի 3-ին մահվան ելքով վթարի ենթարկված ընտանիքի ողջ մնացած միակ դստեր` 27-ամյա Մերի Արզումանյանի, Ռուսաստանում մնալու ժամկետը լրացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Նրա խոսքով՝ իրենք այստեղից համապատասխան գրություն են գրել, որ նրա այնտեղ մնալու ժամկետը եւս 10 օրով երկարաձգեն լիարժեք բուժում ստանալու համար:

 

«Արդեն նրա տոմսը գնված է եւ հոկտեմբերի 11-ին կլինի Հայաստանում»,- ասել է Քաջարանի քաղաքապետը:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Մայկոպի երկրամասում նրանց վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ՎԱԶ 21102-ին: Վարորդը` Պավել Արզումանյանը, նրա կինը` Արեւիկ Արզումանյանը եւ դուստրը` Լիլիթ Արզումանյանը մահացել էին: Իսկ մյուս դուստրը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրանք մեկնել էին Ռուսաստան` բարեկամի մոտ` հանգստի նպատակներով:

 

Հարցին, թե ինչպես են ֆինանսական ծախսերը հոգացել, եւ ով է նրանց տեղափոխությունը կազմակերպել, քաղաքապետն ասել էր. «Մի հայ տղա սգո արարողությունների կազմակերպման գրասենյակ է ունեցել եւ նա է պատրաստակամություն հայտնել տեղափոխել Հայաստան: Իսկ ֆինանսավորումը կատարում է հիմնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, քանի որ ընտանիքի հայրը այնտեղ փականագործ է աշխատել: Մյուս աղջկա բուժման ծախսերը եւ հետագայում նաեւ տեղափոխությունը եւս կհոգան նրանք»: