ԱԺ-ում շարունակվում է ՀՀ 2014 թվականի բյուջեի քննարկումը: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ զեկույցով հանդես է եկել ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

 

«Այս տարի ունեցել ենք երեք մարզային գրասենյակների հավելում: Ցանկալի կլիներ մարզային գրասենյակները բոլորը պահպանվեր, սակայն մենք հասկանում ենք, որ սուղ միջոցներից ելնելով՝ կպահպանենք միայն 3-ը»,- այս մասին բարձրաձայնել է Կարեն Անդրասյանը: Նա նշել է, որ իրենք հրաժարվել են բոլոր տեսակի դրամական օգնություններից, քանի որ ՄԻՊ-ը պետք է գործի պետական բյուջեի միջոցներով և կախում չպետք է ունենա այլ ֆինանսավորողներից: Պաշտպանը նկատեց, որ մեր սիմվոլիկ անկախությունը պաշպանելու համար անհրաժեշտ է հրաժարվել ուղիղ ֆինանսավորումից. «Բոլոր երկրնեում էլ ՄԻՊ-երը նման կերպ են վարվում»:

 

«Պաշտպանը, անդրադառնալով արագ արձագանքման ծառայության համար անհրաժեշտ 10 մլն դրամին, նշեց, որ դա անհրաժեշտ է այդ ծառայությունը շարունակելու համար: «Մեր բյուջետային հայտը եղել է 244 մլն-ի, 31 մլն-ը մեզ չեն տալու, իսկ 10 մլն դրամ մենք չենք ստանալու արագ արձագանքման համար: Եթե մենք այս քննարկումներից հետո չստանանք այդ գումարը, մեր արագ արձագանքման ծառայությունը չի աշխատի»,- ասաց ՄԻՊ֊ը՝ հավելելով, որ այսպիսի քննարկումների արդյունքում կհայթհայթվի այդ 10 մլն-ը, և այդ ծառայությունը չի կասեցվի»,-գրում է tesadasht.am-ը:

 

«Արագ արձագանքում ասելով՝ հասկանում ենք, օրինակ, որևէ երիտասարդ հայտնվել է ոստիկանությունում և ենթարկվում է բռնության, կամ բանակում ինչ-որ դեպք է տեղի ունեցել և հարկավոր է մեր արագ արձագանքումը: Վատ կլինի, եթե դրամաշնորհի պատճառով մենք չկարողանանք իրականացնել այդ գործառույթը»,- ներկայացրել է ՄԻՊ-ը:

 

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը իր խոսքում նշել է, որ հնարավոր չէ դրամաշնորհով իրականացնել այդ գործառույթը: Կարեն Անդրեասյանը վրդովված նշել է, որ նրա աշխատանքի նկարագրության մեջ նշված չէ, որ նա պետք է դրամաշնորհներ հայթհայթի արագ արձագանքման ծառայության իրականացման համար:

 

«Ի սեր Աստծո, եթե ԱԺ-ն գտնում է, որ դա կարևոր չէ, և պետք չէ միջոցներ տրամադրել, ապա թող այդպես լինի»,- ասել է պաշտպանը՝ հավելելով, որ եթե մի քանի համերգներ կրճատվեն, ապա այդ 10 մլն դրամը հնարավոր կլինի հավաքել։

 

Արզումանյանն էլ, արձագանքելով պաշտպանի պատասխանին, ասել է, որ միայն այս ոլորտը չէ, որ ֆինանսավորման խնդիր ունի. «Միգուցե ավելի՞ քիչ գումար տրամադրվի այս ոլորտին»,- առաջարկել է Արզումանյանը:

 

«Եթե կարող եք օգնեք այդ 10 մլն դրամի հարցում, մենք դարձյալ կշարունակենք այդ գործառույթը իրականացնել, սակայն դա արդեն չի լինի յոթ օր, չեմ փորձի ասել, որ մենք ընդհանրապես չենք անի այդ գործառույթը ձեր խղճի վրա ազդելու համար, այլ մենք դա կանենք ոչ 100%-ով»,- նշել է պաշտպանը:

 

Անդրադառնալով ՄԻՊ-ի աշխատավարձի բարձրացման մասին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հնչեցրած հարցին՝ Անդրասյանը ասել է. «Այսօր ՄԻՊ-ի մասին օրենքում գրված է , որ իմ աշխատավարձը պետք է հավասար լինի Սահմանադրական դատարանի աշխատավարձին, սակայն 0,5 սանդղակով ցածր է: Եթե մնացածի մոտ աշխատավարձի բարձրացումը բարձր կլինի, ապա իմ դեպքում շատ քիչ կլինի: Կարծում եմ պաշտոնյաներից միայն ես եմ տուժում բարձրացումից»:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասել է, որ իրենք կառավարությանը կներկայացնեն առաջարկ արագ արձագանքման համար 10 մլն դրամ հատկացնելու համար: «Բայց ես չեմ խոստանում, որ Կառավարությունը իր սովորական copy past պատասխանները չի ներկայացնի, որ ավելի կարևոր ներդրումներ կան»,- եզրափակել է Զոհրաբյանը: