«Վաշինգտոնը հույս է հայտնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունների գործընթացում «նոր ջանքերի և վստահության» գործադրման վրա»,-Turan գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջոյմս Ուորլիքը: Անդրադառնալով համանախագահների'տարածաշրջան կատարվելիք այցին` նա ասել է, որ իր աշխատանքի ողջ իմաստը ինքը տեսնում է երկու ժողովուրդների և կառավարությունների կողմից որոշումների ընդունման մեջ, որոնք կապահովեն տարածաշրջանում երկարատև խաղաղություն:

 

«Իմ կողմից տարածաշրջանին ծանոթանալը հաստատում է, որ մարդիկ ցանկանում են կարգավորել խնդիրը և գիտակցում են, որ կորուստներ են լինելու: Եթե հակամարտությունը կարգավորվի, ապա ես վստահ եմ, որ դա բարգավաճում կապահովի Կովկասում: Այդ պատճառով էլ մենք պետք է փնտրենք և գտնենք այնպիսի ճանապարհներ, որոնք թույլ կտան մարդկանց և այդ երկների կառավարություններին հասնել իրենց նպատակին»,- ասել է նա:

 

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելով որպես վտանգավոր` Ուորլիքը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զինվել, չնայած որ հակամարտությունը «հայելային հնարավորություններ» ունի, եթե երկու երկրների առաջնորդները ընտրեն Մինսկի խմբի ձևաչափի խաղաղ տարբերակը:

 

«Հաշվի առնելով, որ այսօր միջնորդներն առաջին անգամ երկարատև ընդմիջումից հետո փորձում են երկու նախագահներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել` երկու կողմերի միջև փոխադարձ վստահությունը կենսական կարևորություն ունի»,-նշել է նա:

 

Անդրադառնալով ապագա հանդիպման ժամանակին և վայրին` դիվանագետը նշել է, որ դա կախված է միայն հենց նախագահներից: