Հոկտեմբերի 31-ին` ժամը 15.43-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի 76 շենքի մի բնակիչ, Ուկրաինայի վիզա չստանալու պատճառով, ուզում է կտրել երակները։

 

Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները նշված շենքի բնակարաններից մեկից Մալաթիայի բաժին են հրավիրել Գուրգեն Հ.-ին:

 

Կատարված ստուգմամբ պարզվել է, որ նա հոկտեմբերի 31-ին դիմել է ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունք՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար իր անձնագրում համապատասխան նշում կատարելու, սակայն մերժվել է, քանի որ անձնագրի էջերը պատռված են եղել, ինչի կապակցությամբ բաժանմունքի աշխատակիցն առաջարկել է նախ դիմում գրել անձնագիրը փոխելու համար, որից հետո հնարավոր կլինի նոր անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականությունը հավաստող կնիք դնել։

 

Քաղաքացին դժգոհելով` դուրս է եկել, սակայն նույն հարցով մի քանի անգամ դիմել է բաժանմունքի աշխատակցին` ստանալով նույն պատասխանը։ Որոշ ժամանակ անց անձնագրային բաժանմունք է եկել ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցն ու հայտնել, որ այդ քաղաքացուց ահազանգ է ստացվել, թե իբր իր անձնագիրում կնիք չդնելու պատճառով ինքը ցանկանում է իրեն վնասել:

 

Գուրգեն Հ.-ն իր բացատրության մեջ նշել է, որ ինքն իրեն որևէ վնաս պատճառելու նպատակ չի ունեցել, զայրույթի պահին է նման քայլի դիմել, բացի այդ, իրեն պարզաբանվել է օգտագործման համար ոչ պիտանի անձնագրում վավերականության հաստատման կարգը, և ինքը ներկայումս ոչ ոքից որևէ բողոք կամ պահանջ չունի։