Հայաստանի պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում, եւ առայժմ չի ցանկանա որեւէ մեկնաբանություն տալ, միայն հետաքննության ավարտից հետո:

 

Նախագահի անվտանգության աշխատակցին պատժելու ուղղությամբ քայլերի մասին նա ասել է. «Հիմա ես ձեզ պետք է բացատրե՞մ, թե ինչ քայլեր եմ անելու, հետաքննությունը կպարզի ամեն ինչ, եթե մեղավոր լինի, կպատժենք անպայման, կարող եք չկասկածել»:

 

Հիշեցնենք, որ «Սպիտակ» մարզա-առողջարանային համալիրում, հոկտեմբերի 31-ին ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն ժամանակ ծեծի է ենթարկվել մարզիչ 58-ամյա Ռուբեն Եսայանը: 

 

Մրցել են «Տիտան» եւ «Սպիտակ» թիմերը: 3-րդ խաղակեսի ժամանակ «Տիտան» թիմի ներկայացուցիչներից Գագիկ Հովհաննիսյանը հարձակվել է 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա եւ ծեծել, ինչի արդյունքում մարզիչը քթոսկրի կոտրվածք է ստացել: