Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.

 

Նոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: Այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Տեղեկություն էր ստացվել նաև, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:Ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ:Ժամը 12.07-ին վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը:Ժամը 13.51-ի դրությամբ Էլեկտրոէներգետիկական համակարգի «Օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր Մ. Մնացականյանից տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր կենսապահովման օբյեկտները էլեկտրաէներգիա ունեն:Ժամը 15.00-ի դրությամբ Երևանում և մարզերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

 

***

 

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նիստում քննարկվել է հաջորդ տարվա երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը եւ Մաքսային միությանն անդամակցության թեման: Սակայն դա չի խանգարել, որ Արտաշես Գեղամյանը նիստը վերածի Սերժ Սարգսյանի փառաբանման հերթական երեկոներից մեկի: «Նա տասնյակ րոպեներ բոցաշունչ ելույթ է ունեցել էլ բյուջեի, էլ մաքսայինի, էլ հազար ու մի թեմաների վերաբերյալ, բնականաբար, իր խոսքը հանգեցնելով այն մտքին, թե որքան խելացի է Սերժ Սարգսյանը, որքան ճշգրիտ նրա բոլոր քայլերն ու որոշումները»: 

Խոսրով Հարությունյանը գովերգել է պաշտոնյաների աշխատավարձերը եկող տարի բարձրացնելու քաղաքական որոշումը' ընդգծելով պատգամավորի աշխատանքի կարևորությունը և նշել, որ բարձրացումը ամենեևին էլ արժանի հատուցում չէ օրենսդիրներին իրենց տառապանքի դիմաց: Նախագահ Սարգսյանն ակնարկը հասկացել է եւ նախկին վարչապետ Հարությունյանին հարցրել, արդյոք վարչապետի աշխատանքն է ծանրաբեռնված, թե պատգամավորի: Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ ամեն ոք գնահատվում է ըստ արժանվույն: Տիգրան Սարգսյանն էլ սովորության համաձայն կարողացել է համոզել նախագահին,որ բյուջեն շատ լավ է կազմակերպված եւ ինքն արել է հնարավորինը:

 

***

 

Այսօր առավոտյան շարունակվում էր Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքների իրականացումը: Սակայն երեկ շենքի բնակիչները ստացել են Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել է նրանց ներկայացրած միջնորդությունը' արգելել «Լիբեր» ընկերության կողմից այդ հասցեում շինարարական աշխատանքների իրականացումը: Բողոքող բնակիչների կանչով եկած իրավապահների միջամտությունից հետո աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվել են, սակայն անմիջապես վերսկսվել են նրանց հեռանալուց հետո: Ոստիկանության ներկայացուցիչները վերադարձել են և վիճաբանում են շինարարների հետ:

 

***

 

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան 38 հասցեում երկու դանակներով զինված մի տղամարդ սպառնալիքներ է տվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից կես ժամ առաջ, մոտ 50-55 տարեկան մի տղամարդ մտնելով հիշյալ հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ՝ սպանության սպառնալիքներ է տվել: Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպառնալիքներ տված անձը Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957 թվականին ծնված Արսեն Օհանյանն է: Նոյեմբերի 2-ին, ժամը 1.15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:Անձնական խուզարկությամբ Արսեն Օհանյանի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող երկու դանակները՝ շեղբի 11 սանտիմետր երկարությամբ:Քննությունը շարունակվում է: 

 

***

 

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու' այժմ կալանքի տակ գտնվող Դավիթ Վարդանյանի նոր փաստաբան Վահան Հայրապետյանը անհեթեթություն է համարում այն տեղեկությունները, թե նախարարի որդուն թմրանյութ տեղափոխելու կասկածանքով հայ-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները։«Անհեթեթ է' ինչպես կարելի է հերոս մարդու որդու վերաբերյալ նման տեղեկություններ տարածել: Չի կարելի չէ, վերջիվերջո: Ոնց կարելի է այդպիսի մարդու նկատմամբ ինչ ուզենան, գրեն: Մեր Էջմիածնի խաչը վկա, նման բան չկա», - տեղեկացրեց փաստաբանը' հրաժարվելով նախաքննության գաղտնիությունից ելնելով այլ տեղեկություններ տրամադրել:

Հարցին, թե Դավիթ Վարդանյանը ընդունում է իր մեղքը, Հայրապետյանն ի պատասխան ասաց, որ իր պաշտպանյալը մեղքն ընդունում է մասնակի և դարձյալ հրաժարվեց ասել, թե հատկապես որ մասով չի ընդունում Վարդանյանն իր մեղքը:

 

***

 

Ադրբեջանական ԱՊՆ-ն գրում է.
Հայտնի են դարձել նոյեմբերի 1-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Ադրբեջանում պահվող հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի միջև կայացած հանդիպման մանրամասները: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայության ղեկավար Ռագիմ Դադաշևան նշել է, որ հանդիպման ժամանակ Փաշազադեն ասել է Ինջիղուլյանին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը խնդրել է իրեն հայ գերուն վերադարձնել հայրենիք: Փաշազադեն հայտարարել է, որ պատրաստ է կատարել այդ խնդրանքը և առաջարկել է Ինջիղուլյանին վերադառնալ հայրենիք, սակայն հայ գերին իբր հրաժարվել է վերադառնալ Հայաստան:Փաշազադեն հայտարարել է նաև, որ պատասխան նամակ է ուղարկելու Գարեգին 2-րդ կաթողիկոսին:

 

***

 

Ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը կներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը մեկնաբանում է երեք տեսանկյունից: Նրա խոսքերով՝ այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր ոչ այնքան Ադրբեջանի, որքան Թուրքիայի դեմ, որը փորձում է պատերազմ հրահրել: Լևոն Շիրինյանի կարծիքով Ադրբեջանին մեծաքանակ զենք վաճառելուց հետո նման հայտարարություններով հանդես գալը միտում ունի նաեւ սաստել Ադրբեջանին, ինչպես նաև պահել հավասարակշռությունը տարածաշրջանում: Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը պետք է լավ վերլուծի Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները: Իսկ Թուրքիայի անդամակցությունը Մաքսային միությանը քաղաքագետը բացառել է, քանի որ, ըստ նրա, Թուրքիան հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ չի քննարկի Մաքսային միության անդամ դառնալու հարցը, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ Միացյալ նահանգների հետ փոխհարաբերությունների վրա:

 

***

 

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ: Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է:

 

***

 

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանի վիճակը նորմալ է: Դերասանին այլ բաժանմունք չեն տեղափոխի, առաջիկա երկու օրերին միանգամից դուրս կգրեն եւ տուն կգնա: Վթարից մահացած Էդգար Հակոբյանի հայրը՝ Հայկ Հակոբյանը, մոտ մեկ շաբաթ առաջ է դուրս գրվել հիվանդանոցից: Վթարի հետեւանքով բազմաթիվ կոտրվածքներ ստացած եւ մի քանի վիրահատությունների ենթարկված Տաթեւ Հակոբյանը շարունակում է գտնվել «Արմենիա» բժշկական կենտրոնի Վիրաբուժական բաժանմունքում:

 

***

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած տեսակետները միշտ պետք է կիսել: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի' օրերս հրապարակված «Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի» հոդվածին' նա ասել է. «Այն գաղափարը, որ այսօրվա իշխանությունները պետք է հրաժարական տան, մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, և այդ իմաստով, կարծում եմ' նույն խնդիրն ենք բարձրացնում»:

Հարցին, թե արդյո՞ք «Ժառանգությունը» համաձայն կլինի նախագահ Տեր-Պետրոսյանի հոդվածում նշված առաջարկի համաձայն՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանի անձը և գույքը լիակատար անձեռնմխելիությամբ օժտել, ցրելու համար այն մտայնությունը, թե Սարգսյանի կամավոր հրաժարականը քաղաքական վենդետա է ենթադրում, Թևան Պողոսյանը պատասխանել է., որ եթե մարդիկ օրինախախտություն են թույլ տվել, պետք է պատասխանեն օրենքի առաջ: «Ի վերջո, մենք երկիր ենք, ունենք մեր օրենքները, և բոլորս օրենքի առաջ հավասար ենք»,-ասել է պատգամավորը:

 

***

 

Նոյեմբերի 1-ին, ժամը 17.20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Արփինե Ս.-ն:

Ժամը 18.30-ին նա հաղորդում է տվել, որ Դ. Մալյան նրբանցքի թիվ 9/4 հասցեի մոտ իր հարևան Մարգարը ոտքերով հարվածել է իր գլխին, մարմնի տարբեր մասերին, իսկ վերջինիս մայր Թագուհին ձեռքով հարվածել է իր ուսին' պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարգարը 1993 թ. ծնված Մարգար Մ.-ն է, իսկ Թագուհին' 1970 թ. ծնված Թագուհի Ս.-ն, որոնք նույն օրը, ժամը 23.00-ին, ներկայացել են բաժին: Մարգար Մ.-ն հաղորդում է տվել, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Արփինե Ս.-ն մետաղաձողով հարվածել է իր գլխին' պատճառելով վնասվածք, իսկ Թագուհի Ս.-ն հայտնել է, որ Արփինե Ս.-ն նույն մետաղաձողով հարվածել է իր ոտնաթաթին և ձեռքին' պատճառելով վնասվածքներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

 

***

 

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Պետյա Գ.-ի վարած «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.15-ի սահմաններում Արգինա-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին գլորվել է ձորակը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին Պետյա Գ.-ն մահացել է: Ոստիկանները պարզել են, որ «Օպել Աստրա»-ում են գտնվել ևս երկու ուղևորներ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Հանգամանքերը պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների (Նոր Նորքի մնացած զանգվածներում կնկատվի գրաֆիկի խախտում), Բագրևանդ 1 և Մոլդովական 27 համարների, Ջրվեժի, այդ թվում Մայակ, Բանավան թաղամասերի և գյուղի, Ավան վարչական շրջանի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի, թիվ 12 պոլիկլինիկայի, Չարենցի 12, Խուդյակով 2, 3, 4, 68, 68/1, 70, 84/1, Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39, 44, 45, 46 համարների, Ավանի 7 փ. 1-ին և 4-րդ նրբանցքների և անմիջապես ջրատարից սնուցվող անհատական տնատիրությունների և հարակից տարածքների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: