Երեւանի միլիոնատեր քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ իր համար գլխավորը երեւանցիների անվտանգ երթեւեկությունն է, եւ դրա համար տրանսպորտը պետք է թանկանա, այլապես 100 դրամով այսօրվա վիճակը կմնա, իսկ վաղն էլ տրանսպորտ չի լինի:

 

Թե ով է Տարոն Մարգարյանն ու քաղաքապետի պաշտոնում նա ում շահն է սպասարկում, արդեն բազմաթիվ փաստերից հայտնի է բոլորին. Տարոն Մարգարյանը սպասարկում է խոշոր սեփականատերերի շահերը:
Երեւանցու շահ եւ Տարոն Մարգարյանի քաղաքապետություն հասկացություններն իրար հետ չունեն ոչ մի կապ, այլապես այդ կապի առկայության պարագայում Տարոն Մարգարյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման առաջին անհաջող փորձից հետո պետք է հրաժարական տար՝ հատկապես իր գծատեր չինովնիկների վարքից հետո:

 

Տարոն Մարգարյանի առաջ կանաչ լույս է վառել Սերժ Սարգսյանը, ով Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունից հետո հանդիպելով մի քանի լրագրողների հետ, փակ հանդիպմանը հայտարարել էր, թե տրանսպորտի ուղեվարձը պետք է բարձրանա: Ընդ որում, մամուլում հայտնված այդ տեղեկությունը փակ հանդիպման մասնակիցներից եւ ոչ մեկը չի հերքել: Հետեւաբար, Տարոն Մարգարյանի ներկայիս հայտարարությունները ընդամենը Սերժ Սարգսյանի խոսքերի կրկնությունն են:

 

Իսկ Սերժ Սարգսյանին այլ բան չի մնացել, քան փող հավաքել հանրության գրպանից: Բանն այն է, որ Եվրոպայից, Ամերիկայից եւ Ռուսաստանից փող կորզելու փորձերը տարբեր պատճառներով մատնվեցին անհաջողության: Մնացել են հանրությունն ու օլիգարխիան: Սերժ Սարգսյանը որոշել է մտնել հանրության գրպանը: Օրինակ, մտադիր են ՀԿ-ների դրամաշնորհները հարկել: Նոր ՀԴՄ-ներ են ծախում գործարարների վրա, ընդ որում բավական թանկ գնով: Այսպես ասած վճարովի ավտոկանգառների ծառայություն են մտցնում՝ մենաշնորհված ծառայություն, որի տերը Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է: Քաղաքային տրանսպորտի ուղեվարձ են ուզում բարձրացնել: Այդ ամենը ապահովելու է փող օլիգարխիայի համար, որն էլ հետո գնալու է «օբշակ»՝ ստվերային բյուջե:

 

Երեւանցու շահ այստեղ բացարձակապես չկա: Տարոն Մարգարյանը ստում է այնպես, ինչպես ստում էր, երբ քաղաքապետի ընտրությունից առաջ հայտարարում էր, թե տրանսպորտի թանկացման հարց չկա, իսկ ընտրությունից անմիջապես հետո կայացրեց թանկացման որոշում:
Փոխարենը, կա սպառնալիք, ուղղված երեւանցուն՝ չես ունենա տրանսպորտ, կամ վտանգավոր տրանսպորտ կունենաս: Այն, որ իշխանությունը յուրացրած օլիգարխիան պատրաստ է հանուն տրանսպորտի թանկացման մարդ սպանել որեւէ երթուղայինում, կասկածից վեր է: Ի վերջո, թանկացման առաջին փորձի ժամանակ եղավ դանակահարությունը: Այնպես որ, երկրորդ փորձին շատ հավանական է, որ լինի «էվոլյուցիա»:

 

Տրանսպորտային սաբոտաժն այդ դեպքում կարող է «չարյաց փոքրագույնը» լինել: Այստեղ իհարկե մեծ հավանականություն ունի «Լֆիկի գամբիտը»: Գծատերերը կհրամայեն վարորդներին դուրս չգալ երթուղի, իսկ հետո նրանց ձեռքին կտան պաստառներ՝ Սամվել Ալեքսանյանի օրինակով, եւ կկազմակերպեն ուղեվարձի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների դեմ հակացույցեր:

 

Սամվել Ալեքսանյանի միջոցով այդ «պիլոտային» ծրագիրը իրականացրին, եւ դա կլինի օլիգարխի գաղափարական նվերը իշխանությանը՝ իշխանության նվիրած Փակ շուկայի եւ այլ նվերների դիմաց, որ հսկայական տարածքների եւ արտոնությունների տեսքով տալիս են Սամվել Ալեքսանյանին:

 

Այսինքն, ըստ ամենայնի, իշխանությունը փորձելու է տրանսպորտի թանկացման գործընթացում հերթական անգամ կիրառել «քաղաքացիական հակադրության» մեթոդը, փաստացի շարունակելով Հայաստանում իրենց սկսած քաղաքացիական առայժմ սառը պատերազմը, որը սակայն հարկ եղած դեպքում անվարան կվերածեն նաեւ տաքի, քանի որ արդեն հագել են մաքսային զրահը, իսկ ռուս գեներալ Շամանովն էլ արդեն հայտնել է Հայաստանում իր դեսանտներով հասարակական կարգ պահպանելու պատրաստակամության մասին: 

 

 

 

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ