Իշխանություններն այս տարվա սեպտեմբերին խոստացել էին շահագործման հանձնել անօթևանների համար նախատեսված ևս 420 բնակարան, սակայն սեպտեմբերն անցավ, բնակարանները շահագործման չհանձնվեցին, իսկ վերջնաժամկետը երկարեց մինչև մյուս տարվա սեպտեմբերը:
«Ոչ ոք ներողություն չխնդրեց հանրությունից նման ուշացման համար, դրա փոխարեն բոլորն այս տարի դեկտեմբերի 7-ին դեմքի լուրջ արտահայտությամբ կգան հուշարձանի մոտ, և այս անգամ արտահայտությունը շատ ավելի լուրջ է լինելու, քանի որ հիշատակվելու է երկրաշարժի 25-րդ տարին»,- Newsbook.am-ի հետ զրույցում ասել է «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և հավելել. «Իրենց համար աղետի գոտին ընտրությունից ընտրություն եղել է քարոզարշավ իրականացնելու համար պլացդարմ:
Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին հայտարարեց, որ մինչև 2001 թվականը վերականգնելու է աղետի գոտին, իսկ 2000 թվականին ասաց, որ 2001-ին չեն հասցնի և կանեն 2002-ին:Իսկ, ահա, 2001-ին հայտարարեց, որ կրկին չեն հասցնի 2002-ին, այլ կհանձնեն 2003-ին: 2400 բնակարաններ շահագործման հանձնեցին միայն 2004 թվականին: Վերջում հայտարարվեց, թե դրանով աղետի գոտին վերականգվել է, և այն արդեն կոչվում է զարգացման գոտի»:
«Հիշեցնենք, որ 2008 թվականին, սակայն, նախագահական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը գալիս է Գյումրի և հայտարարում, թե աղետի գոտին մինչև 2013 թվականին կվերականգնվի»,-գրում է կայքն ու մեջբերում.
«Մեկը չկար՝ ասեր, թե երբ քո նախկին շեֆը հայտարարում էր, թե աղետի գոտին վերականգնվել է, ինչո՞ւ չէիր ասում՝ դա այդպես չէ: Ստացվում է՝ քաղաքական պատասխանատվություն չկա, ամեն մի քաղաքական գործիչ գալիս և «կայֆեր» է բռնում գյումրեցիների վրա: Գյումրեցիներն էլ արդեն հասկացել են սա, ընտրություններին փողը վերցնում են ու քվեարկում իրենց ուզածով»,-մեջբերման ավարտը: