Կենտրոնի ոստիկանության մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանները ամեն կերպ փորձում են ակտիվիստներին, ներսում գտնվողների հարազատներին ու ընկերներին հեռացնել շենքի տարածքից։

 Գրում է News.am-ը:

Վիճակը պայթյունավտանգ է, անընդհատ վեճեր ու բախումներ են լինում ոստիկանների ու ակտիվիստների միջեւ։

 

Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը կարմիրբերետավորներին ասաց, որ իրենք «մոռացել են արժանապատվությունն ու թասիբը». «Արա դուք երեխա չունե՞ք, ձեզ չե՞ն տեսնում, ձեր երեխեքը Յուբութ չե՞ն մտնում, ձեր դեմքերը չե՞ն տեսնում: Նեուժելի էդքան մարդկություն ձեր մեջ չկա: Ինչքա՞ն կարելի ա էս ռեժիմին պաշտպանել: Ձեր երեխեքին ա թալանում, կործանում ա էս ռեժիմը, իսկ դուք դոշ եք տալի իրա համար: Արժանապատվությունը մոռացել եք' ինչ բան ա: Մարդ եք, վերջ ի վերջո, չեմ ասում հայ, ձեզնից ինչ հայ, բայց գոնե մարդ եք, չէ՞»,- գոռում էր Գևորգը:

 

Ընկերները Գևորգին մի կերպ հեռացրին ոստիկանների մոտից' ասելով, որ անօգուտ է նրանց հետ խոսելը:

 

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։

 

Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Չորս մարդու ձերբակալել են։ Շանթ Հարությունյանի մասին առայժմ տեղեկություն չկա։

 

Բախումների հետեւանքով տուժել է 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել է: Մարմնական վնասվածքներ է ստացել News.am-ի թղթակիցը: