Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.

 

Նախօրեին Երևանի կենտրոնում ոստիկանության և «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի ու մի խումբ կողմնակիցների միջև բախումների փաստի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը և Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով: Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը: Ոստիկանություն բերման է ենթարկվել 38 անձ, նրանցից 20-ը ձերբակալվել են

 

***

 

What is Happening in Yerevan. միջազգային մամուլի արձագանքը Երևանի բախումներին:

Ներկայացնում ենք թուրքական հեռուստատեսության լրատվական թողարկումից տեսանյութ`առանց մեկնաբանության:

 

 

***

 

«Չկարգավորված մտքերի արդյունք են, որ քաղբանտարկյալներ կարող են լինել։ Քաղբանտարկյալները նրանք են, ովքեր քաղաքական ֆորմատներ են փոխում, բայց մեր երկրում այդ խնդիրը չկա՝ քաղաքական շրջադարձերի նպատակ չկա»: Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների այն դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ արդեն քրեական գործ է հարուցվել Շանթ Հարությունյանի նկատմամբ՝ մտավախություն չունե՞ք, որ «քաղբանտարկյալ» տերմինը կրկին կմտնի շրջանառության մեջ: Լրագրողները հարցրել են, թե ո՞ր պարագայում Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, Գ․Սահակյանը պատասխանել է, որ որևէ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա։ Սովորական ժողովրդավարական ձև է հրաժարական պահանջելը։

 

***

 

Հայաստանի եվ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն նոյեմբերին:

Այդ մասին հայտարարել են տարածաշրջան այցելած' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք նշել են, որ կշարունակեն աշխատանքը բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու, համաձայնություններ ձեռք բերելու ուղղությամբ:

Կողմերին կոչ է արվել նաեւ զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ' հայտարարություններում: Իսկ ռազմական գործողություները, մասնավորապես' այս պահին, կարող են դիտվել միայն' որպես խաղաղ գործընթացը խաթարող քայլ:

 

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին և դրանց արդյունքում կայանի ներկայիս վիճակին: Այդ կապակցությամբ զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ ՀԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագրային մակարդակն ապահովված է: Սերժ Սարգսյանը և Ադոլֆ Բիրկհոֆերն անդրադարձել են նաև ՀԱԷԿ-ի հետագա շահագործման և նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության արդյունքներին:

 

***

 

Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր' 2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին.

«Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով' որոշում եմ.

1. 2013 թվականի դեկտեմբեր - 2014 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր ժամկետային և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը' սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

 

***

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշանակվել է նախագահի խորհրդական

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ. Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) ԱՐԱՄՅԱՆԻՆ հասարակական հիմունքներով նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ կրթության հարցերով:

 

***

 

Ա. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը' որոշում եմ.

Արտավազդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

 

***

 

Ազգային ժողովն այսօր ստացել է Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված պաշտոնական գրություն՝ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխանի Զաքարյանի թեկնածությունը վերահաստատելու վերաբերյալ: 

Նշենք, որ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է երեկ՝ նոյեմբերի 5-ին: Վաղը նախատեսված է խմբակցությունների հետ հանդիպումները և հարցը հավանաբար կքննարկվի հաջորդ քառօրյայում:

 

***

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունում: Ինձ զեկուցել են աշխատանքային խմբերի շրջանակում ընթացող քննարկման մասին, և մեր այսօրվա հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ է», - ասել է վարչապետ Սարգսյանը:

 

***

 

Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նոյեմբերի 5-ի հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ:

 

***

 

Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարած ընկերությունները դեռ շարունակում են փոխհատուցել ՊԲ-ին հասցրած վնասը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Իսկ թե որքա՞ն է կազմում փոխհատուցվելիք գումարը և մինչ այժմ որքան է փոխհատուցվել, Մերի Սարգսյանը չշտապեց պատասխանել' հավելելով, որ նախաքննությունը դեռ շարունակվում է և երբ ամբողջությամբ կփոխհատուցվի, այն ժամանակ էլ կասեն:

 

***

 

Վրաստանի պետական եկամուտների ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել է նորածին երեխայի միջոցով թմրանյութ տեղափոխելու դեպք:

Հայ-վրացական սահմանին' «Սադախլո» հսկիչ-մաքսային անցակետում, ՀՀ քաղաքացի Մ.Ա-ն իր նորածին երեխայի միջոցով փորձել է թմրանյութ անցկացնել: Զննման արդյունքում երեխայի հագուստի գրպանում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութ: Նույն թմրանյութը հայտնաբերվել է նաև կնոջ գրպաններում:

Առգրավված թմրադեղի ընդհանուր քաշը կազմել է 51 գրամ:

 

***

 

Այս տարվա սկսածը կշարունակվի նաեւ եկող տարում: 2014թ-ի պետբյուջեն եւս լինելու է սոցիալական ուղղվածության: Անդրադառնալով Աժ-ում տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներին' պատգամավոր Գագիկ Մինասյանը նշել է, որ դրանք խիստ կարեւոր են, քանի որ թիրախավորում են երկրի կյանքն ամբողջ տարվա համար:

Թեեւ հիմնական թիրախը սոցիալական ապահովությունն է լինելու, սակայն, պատգամավորը վստահեցրել է, որ դրական փոփոխություններ են սպասվում նաեւ կրթության եւ առողջապահության ոլորտներում:

 

***

 

10 տարի է' գործում են, բայց պետական պաշտոնյաներն այդպես էլ չեն հասկացել' ինչ է տեղեկատվության ազատությունը' փաստել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը:

Եռամսյակը մեկ նրանք հայտարարում են այն գերատեսչությունների անունները, որոնք հայտնվել են սեվ ցուցակում, այլ կերպ ասած խուսափել են տեղեկատվություն տրամադրել: Այս անգամ այդ ցուցակում են հայտնվել ԱԺ նախագահը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, ՊԵԿ նախագահը եւ Երեւանի քաղաքապետը:

Ցուցակում տեղ են գտել նաեւ տրանսպորտային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունների ղեկավարների անունները:

 

***

 

15 հասարակական կազմակերպություն եւ բազմաթիվ միջազգային ու պետական կառույցներ քննարկել են հաշմանդամություն ունեցողների խնդիրները:

Այսօր ամփոփվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատավայրում» թեմայով կոնֆերանսի արդյունքները: գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով' մասնակիցներն անհրաժեշտ են համարել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է պարբերաբար բարձրացնի հաշմանդամներին հուզող հարցերն ու դրանց լուծման համար տարբերակներ մշակի:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն էլ հավաստել է, որ զբաղվածության կենտրոնները եվս ջանք չեն խնայում հաշմանդամներին աշխատանքով ապահովելու համար:

 

***

 

Նոյեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, Ջանֆիդա գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Ազատ Գ.-ն: Պարզվել է, որ նա հուլիս-օգոստոս ամիսներին 1965 թ. ծնված Արմեն Ա.-ի տանը շինարարական աշխատանքներ կատարելիս' հյուրասրահի սեղանից գողացել է ոսկյա մատանի, ինչը բնակարանատիրոջ միջամտությունից մեկ օր հետո վերադարձվել է: Ազատ Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է քննություն։