Դեկտեմբերի 1-ին կամ 2-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:

 

Հարցին՝ հստա՞կ է արդյոք Ռուսաստանի նախագահի առաջիկա այցի մասին տեղեկությունը, Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանել է․ «Այո, ես ինչքան գիտեմ՝ հստակ է, որովհետև Հայաստանի Հանրապետության նախագահը և Ռուսաստանի Դաշնության նախագահը պայմանավորվել են, որ ամսի 1-ին - 2-ին պետք է Ռուսաստանի Դաշնության նախագահը այցելի Հայաստան»:

 

Այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների վերաբերյալ Արա Աբրահամյանը ասել է․ «Միջոցառումները, իհարկե, երկու նախագահներն են նախատեսել՝ հանդիպում, քննարկել բոլոր այն խնդիրները, որ վերաբերում են մեր երկու երկրների տնտեսական, քաղաքական և ռազմավարության բոլոր ոլորտներին: Հարցեր շատ կան, ես գիտեմ, որ բավականին շատ հարցեր ունի Հայաստանի Հանրապետության նախագահը քննարկելու Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»:

 

Աբրահամյանի փոխանցմամբ՝ Երևանում դեկտեմբերի 1-4-ը անցկացվելու է հայ-ռուսական գործարար համաժողով: Նախատեսված է, որ Ռուսաստանի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում լինելու է շուրջ 500 մարդ, այդ թվում նաև՝ ռուսաստանցի գործարարներ:

 

«Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայի կողմից և Հայաստանի Հանրապետության նախագահի ապարատի կողմից անցկացվում է տնտեսական ֆորում, որին մասնակցելու են Ռուսաստանի տարբեր մարզերի ղեկավարներ, ներկայացուցիչներ՝ մոտ 500 մարդ», - ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահը: