Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ղեկավար անձնակազմի հետ՝ տարածքային կառավարման նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքների ու խնդիրների վերաբերյալ, հանդիպման ավարտին պատասխանել նաև նախարարության աշխատակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ խորհրդակցությունը, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ' նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ:

 

Խորհրդակցության ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացրել է վերջին տարիներին նախարարության համակարգի գործունեության վերաբերյալ իր նկատառումները, անդրադառնալով հատկապես աշխատանքի երեք հիմնական ուղղություններին. առաջինը' իրավական (օրենսդրական դաշտի ամբողջականացում, համապատասխան օրենքների և իրավական ակտերի նախագծերի մշակում ու ընդունում), երկրորդ՝ ծրագրային և հայեցակարգային մոտեցումների մշակում և երրորդ՝ վարչարարության և ամենօրյա ընթացիկ աշխատանքների իրականացում:

 

Նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը զեկուցել է 2013թ. տարածքային կառավարման նախարարության գործունեության մասին, որից հետո իրենց իրավասության շրջանակներում գտնվող ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքներն են ներկայացրել փոխնախարար Արտաշես Բախշյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանը, նախարարության կառավարման ոլորտում գտնվող պետական մարմինների ղեկավարները՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը, միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ինչպես նաև նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

 

Զեկույցների քննարկումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Տարածքային կառավարման նախարարության գործունեության, առկա ձեռքբերումների, խնդիրների և հետագա ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Տարածքային կառավարման նախարարության աշխատանքն իր համար, թերևս, ամենակարևորներից է: Նախագահը նշել է, որ ասվածը վերաբերում է ոչ միայն նախարարության կենտրոնական ապարատին, նախարարությանն ընդհանրապես, այլ նրա աջակցությամբ ամբողջ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին և հիմնավորել է նման մոտեցումը: Սերժ Սարգսյանի համոզմամբ, այս համակարգի ներկայացուցիչներն են ի պաշտոնե մեր քաղաքացիների հետ առաջինն անմիջականորեն շփվողները, որոնց միջոցով են մարդիկ պատկերացում կազմում պետության, պետական հոգատարության կամ հակառակի մասին: Նախագահը կարևորել է վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու հանդեպ, որը, ըստ նրա, պետք է որպես ամենակարևոր պահանջ դրվի բոլոր մակարդակի պաշտոնյաների առջև: «Ես շատ լավ հասկանում եմ, որ և՛ նախարարության, և՛ տարածքային կառավարման մարմինների՝ մարզպետարանների, և՛ ՏԻՄ-երի աշխատողներն իրենց գործառույթների շրջանակներում բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու, հաճախ շատ զբաղված են, բայց սա որևէ կերպ խոչընդոտ չպետք է լինի մարդկանց նկատմամբ ուշադիր լինելու, մեր քաղաքացիների հետ ավելի ջերմ ու սրտացավորեն աշխատելու»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նախագահի հավաստմամբ, մարդիկ հաճախ հուսահատվում են ոչ մեծ խնդիրներից, երբեմն՝ ուղղակի տարրական անուշադրությունից, նեղ ու անելանելի պահին մենակ մնալուց: Հանրապետության ղեկավարը հորդորել է գտնել այն ձևը, որով ՏԻՄ համակարգը շատ ավելի ակտիվ կլինի դժվարության մեջ հայտնված քաղաքացու կողքին լինելու հարցում:

 

Իր խոսքում Նախագահը կարևորել է նաև պետության կողմից համայնքներին ամեն տարի դոտացիաների ձևով տրվող աջակցության օգտագործման նկատմամբ նախարարության ուշադրության մեծացումը՝ պետական միջոցներն ավելի արդյունավետ և նպատակային օգտագործելու համար:

 

Խորհրդակցության ավարտին Հանրապետության Նախագահը մասնագիտական տոնի՝ տեղական ինքնակառավարման օրվա նախօրեին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել է ՏԻՄ մի շարք ներկայացուցիչների՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանին, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ավագանու անդամ Հրաչյա Ավետիսյանին, ՀՀ Սյունիքի մարզի Վարդանիձորի գյուղական համայնքի ղեկավար Ալբերտ Բեկլարյանին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանին և ՀՀ Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին՝ համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար:

 

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Տարածքային կառավարման նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Սոնյա Միրզոյանը, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Սահակյանը պարգևատրվել են ՀՀ Նախագահի շնորհակալագրով: